Ֆրանսիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ընդհատումը

Ֆրանսիացի օրենսդիրները հավանություն են տվել օրինագծին, որը Ֆրանսիայի Սահմանադրությամբ ամրագրելու է հղիության արհեստական ընդհատման՝ աբորտի իրավունքը։

Al Jazeera–ի փոխանցմամբ, օրինագիծը հավանության է արժանացել երկուշաբթի օրը ձայների ճնշող 780-72 հարաբերակցությամբ, և գրեթե ողջ նստաշրջանն անցել է տևական ծափահարություններով:

Երկրով մեկ կանանց իրավունքների պաշտպանության հարցով ակտիվիստները տոնել են օրենքի ընդունումը՝ ողջունելով նախագահ Էմանուել Մակրոնին խոստումն իրագործելու համար։

Նման քայլը Ֆրանսիան դարձնում է առաջին երկիրը, որը մայր օրենքով առաջարկում է հստակ պաշտպանություն հղիության ընդհատման համար:

Վերսալյան պալատում տեղի ունեցած համատեղ նիստում խորհրդարանի երկու պալատները՝ Ազգային ժողովը և Սենատն  ընդունել են Սահմանադրության 34-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը՝ հստակեցնելով, որ կնոջ աբորտի իրավունքը երաշխավորված է:

«Ես հպարտ եմ այս Կոնգրեսով, որը կասի, որ հղիության արհեստական ընդհատման իրավունքն այժմ կդառնա մեր հիմնական օրենքի մի մասը»,- նիստի մեկնարկին հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի ղեկավար Յաել Բրաուն-Պիվետը:

Վարչապետ Գաբրիել Աթալն ավելի վաղ ասել էր. «Մենք ուղերձ ենք հղում բոլոր կանանց. ձեր մարմինը պատկանում է ձեզ, և ոչ ոք չի կարող որոշել ձեր փոխարեն»: