Սերտիֆիկատի ժամկետը լրանում է, և չենք կարողանում բնակարան գնել․ արցախցիներն անելանելի վիճակում են

Քարվաճառի ու Քաշաթաղի բնակիչները այսօր՝ մարտի 5-ին, հերթական իրենց բողոքի ակցիան են իրականացրել կառավարության շենքի դիմաց․ պետության կողմից հատկացված սերտիֆիկատներով նրանք չեն կարողանում բնակարան գնել:

Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մեր պահանջն ու խնդրանքն է, որ հանդիպենք վարչապետի հետ, որովհետեւ ՀՀ-ում լուծումներ միայն վարչապետն է տալիս, ուրիշ ոչ ոք։ Կամ թող մեզ ընդունի վարչապետի կողմից նշանակված մի անձ, որն իրավասու է լուծել այս հարցերը»։

Բայց արցախցիներին կառավարությունում չընդունեցին։

Բերձորից տեղահանված ութ երեխաների մայր Աիդա Բեգոյանն ասաց. «27 տարի ապրել եմ Բերձորում, այսօր կորցրել ենք ամեն ինչ, եկել ենք Հայաստան, ապրում ենք Չարենցավանում՝ վարձով: Շատ ահավոր վիճակում: Անտեսված ենք բոլորի կողմից, որեւէ աջակցություն որեւէ մեկի կողմից չենք ստացել: Ինքս երեք զինվորի մայր եմ, երեքն էլ մինչեւ վերջին օրը մասնակցել են պատերազմին, որից մեկը՝ վիրավոր: Բայց մենք անտեսված ենք ու չենք կարողանում ապրել:

Մեզ սերտիֆիկատ է տրամադրվել, հիմա պահանջում ենք բանկերից, որ կարողանանք այդ սերտիֆիկատով բնակարան գնել: Արդեն 10-րդ օրն է, տարել, գնահատել եմ տվել, ամեն գնահատելուց գումար եմ մուծում: Չենք կարողանում բնակարան գնել, պետք է երկու սերտիֆիկատի համար 500 հազար գումար մուծենք, բայց մենք ի վիճակի չենք: Մենք ստանում ենք 280 հազար դրամ, որից 200 հազարը գնում է կոմունալ ծախսերին ու տան վարձին, որտեղի՞ց ես այդ 500 հազարը վճարեմ, տամ կանխավճար, որ կարողանամ տուն գնել: Մեր պահանջն այն է, որ այդ գնահատումները հանեն, թույլ տան գոնե 2-սենյականոց տուն գնել, որ կարողանանք 6 հոգով ապրել:

Սերտիֆիկատի ժամկետը լրանում է, մնացել է երեք ամիս, բայց դեռ ոչ մեկս տուն չենք գնել: Ես ինքս 8 երեխայի մայր եմ, բոլորն էլ վարձով են ապրում: Ընտանիքում 6 հոգի ենք, միայն մի տղաս է աշխատում»:

Տիկին Աիդան վրդովմունքով հավելեց․«Վաղը մյուս թոռներիս են կանչելու բանակ, չեմ թողնելու գնան, եթե պետությունն ինձ համար ոչինչ չի անում, ես ինչու պետության համար անեմ, թող կարգավիճակը հանեն, թողնենք գնանք Ռուսաստան»: