ՀՀ-ում վերջին 3 տարում 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն է եղել, նրանք սկսել են լսե

Հայաստանում 2020-2023 թթ. պետական պատվերի շրջանակներում կատարվել է շուրջ 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն, որի արդյունքում նրանք սկսել են լսել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ մարտի 3-ը լսողության պահպանման համաշխարհային օրն է, այս տարի օրվա կարգախոսն է «Մտածելակերպի փոփոխություն. իրականություն դարձնենք ականջի և լսողության խնամքը բոլորի համար»:

ԱՀԿ-ի տվյալներով` աշխարհում 446 մլն մարդ ունի հաշմանդամության հասցնող լսողության խանգարումներ:

Լսողության բնածին կորստի հայտնաբերումն այսօր առողջապահության և սոցիալական հիմնական խնդիրներից է:

«Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: 2020-2023թթ. պետական պատվերի շրջանակներում կատարվել է շուրջ 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն: Առողջապահության նախարարությունը վերջին տարիներին փոխհատուցում է կոխլեար իմպլանտացիայի վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ծախսերը»,– ասված է հաղորդագրությունում:

Երեխայի լսողության խանգարման վաղ ախտորոշումն ապահովում է նաև նրա կոխլեար իմպլանտացիայի պոտենցիալ հնարավորությունը շատ վաղ տարիքում: Այս մեթոդով լսողության վերականգնումը միայն վիրահատական միջամտություն չէ, այն նաև հետվիրահատական երկարատև և աշխատատար վերականգնողական միջոցառում է: