Հայտնի են «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակների անունները
«Սլավյանսկի բազար 2024» ամենամյա երաժշտական հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնեն Յանա Ստեփանյանն ու Սյուզաննա Մելքոնյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը, որի արդյունքում հայտնի դարձան պատվիրակների անունները, անցկացվեց մարտի 2-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:
Չորս տասնյակի հասնող հայտերից ժյուրին ընտրել էր 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես եկան երկու կատարումով։ Ժյուրին, հաշվի առնելով նրանց տվյալները, «Սլավյանսկի բազար» մրցույթի պահանջներին ու կանոններին համապատասխան ընտրեց մանկական կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան այս տարվա պատվիրակին։
Իննամյա Յանա Ստեփանյանը, որը հայաստանյան նախընտրական փուլում ներկայացավ նախ Արթուր Գրիգորյանի «Կանգ առ», ապա՝ Ալլա Պուգաչովայի երգացանկից «Այսբերգ» երգերով, Հայաստանը «Սլավյանսկի բազար 2024» 23-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում կներկայացնի 8-14 տարեկան տարիքային խմբում: Մրցույթն անցկացվելու է հուլիսի 9-15-ը:
Ժյուրիի կազմը նախագահում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, իսկ ժյուրիի անդամներն էին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, ով «Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանը և երգիչ, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի երաժշտական գծով փոխտնօրեն Տիգրան Կարապետյանը։
«Սլավյանսկի բազար 2023» 33-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը: Նրա թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում, իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:
«Սլավյանսկի բազար 2023» հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրեց երգչուհի Մաշա Մնջոյանը և դարձավ մրցույթի բացարձակ հաղթողը՝ արժանանալով Գրան պրի մրցանակի: Իսկ մանկական կատարողների մրցույթում 10-ամյա Անահիտ Գալստյանը արժանացավ երկրորդ մրցանակի։