Խախտվում է որակյալ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը

Կրթությունը անչափ կարևոր ոլորտ է, որի վատ վիճակն, այժմ, առավել քան փաստ է։ Կրթական ոլորտի վեր հառնելը ներկայիս ճահիճից պետք է անցնի մի քանի փուլերով, քանի որ այսօր ոլորտում առկա խնդիրները լուծելը մեկ քայլով և միանգամից պարզապես անհնար է։ Ոլորտում ներկայումս տեղ են գտել կրթության բովանդակության խեղաթյուրումը, անբարեխիղճ կառավարումը, հավասար ու որակյալ կրթության անհասանելիությունը, ռեսուրսների անարդյունավետ բաշխումը, որակյալ կադրերի բացակայությունը և արտահոսքը ոլորտից, ցածր աշխատավարձերը, կրթության ոլորտի աշխատակիցների ոչ հստակ կարգավիճակը, օրենսդրական դաշտի ոչ բավարար կարգավորումները և մի շարք այլ խնդիրներ: Այս հանգամանքների պատճառով սույն ոլորտը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում, որը հնարավորություն է տալիս այն դիտարկել հարմար թիրախ՝ տարատեսակ մոլորությունների, շահարկումների և քաղաքական միավորներ շահելու համար: Արդյունքում խախտվում է որակյալ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը: Այս խնդիրները լուծելու համար անելիքները շատ-շատ են։ Այս ամենին իհարկե գումարվում են ազգային մտածողության, հայկականության և դրանց կարևորության գիտակցման անհրաժեշտությունը։ Այս խնդիրներից գոնե կիսով չափ ձերբազատվելու համար անհրաժեշտ են քայլեր մասնավորապես հանրակրթության ոլորտում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, նախակրթարաններում։ Պետք է ստեղծվի այնպիսի միջավայր, որը հնարավորություն կընձեռի բոլորին տալ հավասար հասանելի կրթություն, ապահովել որակյալ, մատչելի կրթություն` համապատասխան տեխնոլոգիաների ներդրմամբ և, որ, ամենակարևորն է կրթություն, որն իր մեջ կներառի ազգային ոգի և հայկականություն։

Նարե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից