Ավտոներկրողները կշրջափակեն ՊԵԿ-ը․ հարկային մարմինը ապօրինաբար չի տալիս տնտեսվարողների աահ-ն․ «Հրապարակ»

«Հրապարակ»ը գրում է․ «Պետական եկամուտների կոմիտեի շուրջ բունտ է հասունանում։ Ավտոներկրողները պատրաստվում են շրջափակել ՊԵԿ-ը։ Բանն այն է, որ Հայաստանի հարկային մարմինը արդեն շուրջ մեկ տարի է չի վերադարձնում տնտեսվարողների մեքենաների վաճառքի ավելացված արժեքի հարկը՝ ԱԱՀ-ն։ Թեմային լավատեղյակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ ՊԵԿ-ը քննչական կոմիտեի հետ միասին տնտեսվարողներին ռեկետի են ենթարկում, նպատակ ունեն այս բիզնեսն էլ իրենցով անել՝ մոնոպոլիա ստեղծել։

«ՊԵԿ-ը ապօրինություն է անում։ Առանց հիմքերի մտնում է ավտոներկրող ընկերություններ, ճնշումներ է բանեցնում մարդկանց վրա, ասում է՝ հրաժարվեք ԱԱՀ-ից, հակառակ դեպքում մեր ձեռքի տակ եղած գործիքակազմերով այնքան ճնշում կգործադրենք, որ ստիպված կլինեք փակել ֆիրմաները։ Ասում են ու անում՝ շինծու գործ են բացում, ամիսներով քննում են, բիզնես գործունեությունը սարքում են անտանելի, տնտեսվարողն այլևս չի կարողանում նորմալ աշխատել, գործը պրավալ է գնում, ստիպված փակում է բիզնեսը»,-նշեց պատգամավորը։

Ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ օրենքի ոչ մի կետով ՊԵԿ-ը չի կարող ստիպել տնտեսվարողին հրաժարվել իր ԱԱՀ-ից։ «Սա ապօրինություն է, տեռոր են անում։ Անգամ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է այս մասին հայտարարել։ Հարյուրավոր ֆիրմաներ ՊԵԿ-ի այս ռեկետի հետևանքով փակվել են։ Բադասյանն անհեթեթ հիմնավորումներ է բերում, թե ավտոներկրողները շատ են գումար աշխատում, պիտի կանխեն։ Մինչդեռ այլ պատճառներ կան այս ռեկետի հետևում։ Շուկայում հայտնվել են բիզնեսով զբաղվող իշխանության հետ փոխկապակցված անձինք, որոնց համար ՊԵԿ-ը մոնոպոլիայի հիմքեր է ստեղծում»,-ընդգծեց Դանիելյանը։

Պատգամավորը ահազանգում է՝ ավտոներկրողների համար տասը օրից ավելի լուրջ խնդիրեր են լինելու, Ռուսաստան արտահանվող մեքենաների վրա լրացուցիչ հարկատեսակ կա սահմանված, որը մինչև այս ամսվա վերջ կրկնապատկվելու է։

«Սա լրացուցիչ բեռ է լինելու ավտոներկրողների վրա։ Այսպես շարունակվի, Հայաստանն այլևս չի կարողանալու մեքենա արտահանել, ինչը լուրջ հարված է լինելու պետության տնտեսության վրա»,-հավելեց նա։

Փաստաբան Հրանտ Անանյանը, որն իր մոտ ունի նմանատիպ մի քանի գործեր, նկատում է՝ գուցե ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողներ էլ կան, բայց պետական մարմինները «թացը չորի հետ են խառնել»՝ բոլոր ավտոներկրող ընկերությունների վրա անհիմն գործընթացներ է սկսվել։ ՊԵԿ-ն այս ապօրինությունները, ըստ փաստաբանի, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների վարչության հետ միասին։

«Սկզբում ՊԵԿ-ի օպերատիվ վարչությունն է գործերը բացում, հետո քննչական կոմիտեում երկարաժամկետ քննվում են այդ գործերը, որի ընթացքում հարցաքննությունների են կանչվում տնտեսվարողները, նոր ստուգումներ են նշանակվում, արգելանքներ են դրվում, այսինքն՝ ամեն ինչ անում են, որ տնտեսվարողին նեղություն տան։ Ավտոմեքենաների բիզնեսի շնորհիվ Հայաստանը դարձել էր տրանզիտ գոտի ԱՊՀ երկրների համար, ինչը տնտեսության վրա դրական ազդեցություն էր թողնում։ Բիզնեսով զբաղվողների շնորհիվ պետական բյուջե մեծ գումարներ էր մտնում, հետևաբար՝ այս արհեստական խոչընդոտները չեն բխում ՀՀ-ի շահերից»,-ընգծեց Անանյանը։

Դավիթը, որն այս գործով տուժածներից մեկն է, ասում է՝ արդեն մեկ տարի է շուկայում այս վիճակն է, ՊԵԿ-ը չի տալիս ԱԱՀ-ի գումարը, ընկերությունը գնում է սնանկացման։

«Բացատրեմ, թե օրինակ իմ բիզնեսի վրա ոնց են ճնշում գործադրում, որ ստիպված լինեմ գործը փակել, ու գնալ էս երկրից։ Մինչև դեկտեմբերի 1-ին 20 տոկոս վերադիրի նոր օրենքը ուժի մեջ կմտներ, ապօրինաբար պահանջում էին 10 տոկոս վերադիր, այն չապահովելու դեպքում մեքենաները սահմանի վրա պահում են ու թույլ չեն տալիս արտահանել։ Դեկտեմբերի 1-ին նոր օրենք ուժի մեջ մտավ՝ կապ չունի, թե ներմուծողը ինչ գնով է մեքենան բերել ու վաճառել, համարում են, որ ավտոներկրողը 20 տոկոս եկամուտ է ունեցել, ուստի տնտեսվարողը առնվազն մեքենայի ինքնարժեքի 3,6 տոկոսը պետք է մուծի պետբյուջե՝ շահութահարկի տեսքով։ Սա դեռ քիչ է, նույն մեքենան արտահանելու դեպքում, արտահանողից պահանջում են ևս 10 տոկոս վերադիր։  Օրինակ, եթե «Ա» ՍՊԸ-ն ներմուծել է մեքենա, որի ինքնարժեքը կազմել է 250 հազար դոլար (առանց ԱԱՀ), ապա այն Հայաստանի ներսում «Բ» ՍՊԸ-ին առնվազն պետք է վաճառի 300 հազար դոլարով (առանց ԱԱՀ), իսկ վերջինս էլ պարտավոր է նույն մեքենան արտահանելուց գինը բարձրացնել 10 տոկոսով, այսինքն՝ արտահանեն 330 հազար դոլարով (առանց ԱԱՀ)։ Օրենքով նման բան չկա։ Ասում ենք՝ բացատրեք, թե ինչի համար պիտի 10 տոկոս տանք, տեսուչներն ասում են՝ վերևներից հրահանգ կա»,-նշեց մեր զրուցակիցը։

Դավիթը շեշտում է՝ ավտոներկրողների մեծ մասը վարկերով են գործն անում, տարբեր պատճառաբանություններով ձգձգում են ԱԱՀ-ի հետ վերադարձը, հետո վախեցնում են, թե կա՛մ պիտի հրաժարվեք, կա՛մ քերական գործ կբացենք, կմտնենք ստուգումների»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում