Փաշինյանը ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացնում ՔՊ-ի հետ․ ինչ են քննարկում
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Հանդիպմանը մասնակցում են նաև կառավարության անդամներ, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։
Իշխանական պատգամավորները «Ազատության» հետ զրույցում հանդիպման օրակարգից մանրամասներ գրեթե չհայտնեցին։ Շատ ընդհանրական միայն նշեցին՝ քննարկելու են հարցերի լայն շրջանակ։
Երեկ խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է մտածի Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին։
«Ազատությունը» ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք նման քննարկում ԵՄ-ի հետ:
«Մենք Եվրամիության հետ ունենք խորացող օրակարգ, ունենք և մի շարք տարաբնույթ հարցեր կարող ենք քննարկել։ Որևէ հարց չեմ կարող բացառել»,-պատասխանեց Խանդանյանը։