Եթե գրավը ողջամիտ չափի լինի՝ մինչև 5 մլն, կվճարենք, ես 15-20 մլն չունեմ․ Տիրան Խաչատրյան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դիանա Ղուկեյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախնական դատալսումների ընթացքում հանրային մեղադրողը միջնորդեց անփոփոխ թողնել Խաչատրյանի խափանման միջոցը՝ երկարացնելով ժամկետը, ինչը պաշտպանների գնահատմամբ հիմնավոր չէ։Պաշտպանության կողմը միջնորդել է Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել, փոխարինել անազատության հետ չկապված խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով։ Պաշտպան Վարազդատ Հարությունյանն ընդգծեց՝ կալանավորման հիմքեր առկա չեն։
«Ես չեմ անդրադառնում՝ Ազգային հերոսի կոչմանը, շքանշաններին։ Ուզում եմ հասկանալ՝ մարդը, որն առաջնագծում չի փախչում՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքից, պետք է փախուստի դիմի՞ անհեթեթ մեղադրանքից»,- նշեց պաշտպանը։
Գրավի չափը պաշտպանության կողմը թողեց դատարանի հայեցողությանը՝ խնդրելով սահմանել ողջամիտ չափ։ Տիրան Խաչատրյանն ինքը նշեց, որ եթե գրավը ողջամիտ սահմաններում լինի, կկարողանան վճարել․ «Պաշտպանության կողմը նշեց՝ երկու մլն և ավելին, բայց և ավել լինելը չի նշանակում՝ 15, 20 մլն դրամ։ Ես այդքան չունեմ։ Մինչև 5 մլն»։
Դատարանը խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի մարտի 4-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում, ի սկզբանե, ձերբակալվել էր 5 անձանց, սակայն նրանցից մեկին նախաքննական մարմինն ավելի ուշ ազատեց արգելանքից ու քրեական հետապնդում հարուցեց միայն 4-ի նկատմամբ, որոնցից էլ միայն երկուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացվեց, նրանց թվում է Տիրան Խաչատրյանը։ Այժմ կալանքի տակ է Տիրան Խաչատրյանը և Նորայր Սաֆարյանը։ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԱՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանի որդուն՝ Ակսեն Սաֆարյանին: