Ինքնահենք Հնդկաստանը ձգտելու է առաջ շարժվել ոչ միայն տեխնոլոգիական մոդեռնիզմի հիման վրա

Հիմա, ով չի ալարում, խոսում է Հնդկաստանի հետ՝ այդ թվում, ռազմական համագործակցության հնարավորությունների մասին, մինչդեռ հինավուրց այդ երկիրն ու քաղաքակրթությունը լիարժեքորեն ընկալելու համար անհրաժեշտ է խիստ խորքային իմացություն։

Ասենք, անհնար է լիովին հասկանալ հնդկական, դիցուք, ռազմարդյունաբերության հեռանկարները, եթե պատկերացում չկա ինքնաբավ կամ ինքնահենք Հնդկաստանի գաղափարի մասին, որն առաջ է քաշել այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին դեռևս 2020թ.։

Հինդիում սանսկրիտյան փոխառություն आत्मनिर्भर [ātmanirbhar] «ինքնահենք, ինքնաբավ, ինքն իր ուժերի վրա հենվող» բառով բնութագրվող Հնդկաստանի տեսլականը ենթադրում է հնարավորին անկախ և ինքնաբավ տնտեսության և նաև ռազմարդյունաբերության ստեղծման տեսլական, որին ձգտելու է Հնդկաստանը այժմ և գալիք տարիների ընթացքում։

Ընդ որում, ուշագրավ է, որ սանսկրիտյան վերոնշյալ բարդ բառը և դրա առանձին միավորները հինդուիստական կրոնի և փիլիսոփայության մեջ ունեն խորքային գաղափարական իմաստներ, իսկ, օրինակ՝ դրա վերջին բաղադրիչը հնդեվրոպական մակարդակում ցեղակից է հայերեն «բեր-» բառի հետ։

Այնպես որ, ինքնահենք Հնդկաստանը (հինդի՝ आत्मनिर्भर भारत [ātmanirbhar Bhārat]) ձգտելու է առաջ շարժվել ոչ միայն տեխնոլոգիական մոդեռնիզմի, այլ նաև սեփական հինավուրց քաղաքակրթական ավանդականության հիման վրա։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից