Երևանի և Բաքվի բանակցությունները կշարունակվեն վաղը․ Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է անում վճռական լինել

Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները Բեռլինում կայացած եռակողմ հանդիպմանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է, որ այս բանակցությունները կոչված են շարունակելու արդյունավետ քննարկումները, որ անցկացվել են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Նա նաև տեղեկացրել է, որ բանակցությունները կշարունակվեն վաղը, նրա խոսքերն է մեջբերում այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը․

«Այսօրվա և վաղվա ուղիղ երկխոսությունը հետագայում առաջընթացի հասնելու լավագույն միջոցն է», – նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ առաջ շարժվելու համար կողմերը պետք է վճռական լինեն։