Թուրք պատգամավորը Հայաստանի հետ սահմանի բացումը կապել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի հետ

Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։

ParsToday-ի  փոխանցմամբ՝ Թուրք պատգամավորն ասել է, որ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի։ Նրա խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին։

Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ՝ նկատի ունենալով ժամանակակից Հայաստանի ողջ տարածքը։ Սակայն Ադրբեջանը դեռևս չի ծրագրում որևէ բան փոխել կամ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։