Հայաստանը ցավոք անցնում է հակառակոդի կողմը՝ Ռուսաստանի և Արևմուտքի գոյաբանական հակամարտության պայմաններում․ ռուս փորձագետ

Այսօր՝ փետրվարի 24-ին, «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի համալիր եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը նշել է, որ ՀԱՊԿ երկրներն այժմ գտնվում են և գտնվելու են շատ բարդ վիճակում, քանի որ անգամ ոչ թե Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը, այլ ակտիվ և բացահայտ հակամարտությունը, հիբրիդային պատերազմը կշարունակվեն նույնիսկ այն բանից հետո, երբ այս կամ այն կերպ դադարեցվի պատերազմն Ուկրաինայում։

«Եվ այդ ամբողջ ժամանակ Արևմուտքը ՀԱՊԿ երկրների, ներառյալ Հայաստանի վրա կգործադրի մեծ ճնշում և կփորձի օգտագործել նրանց Ռուսաստանի դեմ պայքարում»,- կարծում է Սուսլովը։

Ռուս փորձագետի կանխատեսումներով՝ պատերազմն Ուկրաինայում կտևի բավական երկար և չի ավարտվի խաղաղության պայմանագրով ու վերջնական քաղաքական և տարածքային կարգավորմամբ։

Նրա կարծիքով՝ եվրոպական երկրների մի մասը, գուցե, դուրս կգա հակառուսական կոալիցիայից, բայց մեծ մասը, ներառյալ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, անկասկած, կմնան դրանում և կպահպանեն կոշտ հակառուսական մոտեցումը երկար տարիների համար։ Ինչպես նաև ԱՄՆ-ն է գոյաբանական պայքարի մեջ Ռուսաստանի և Չինաստանի հետ։

«Ուստի Ուկրաինայում Ռուսաստանի գերազանց կամ մասնակի հաղթանակը ինքնաբերաբար կտանի հակառուսական գործողությունների ուժեղացման մյուս բոլոր ճակատներում և տարածաշրջաններում ամենուրեք, որտեղ դա հնարավոր է, ներառյալ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան»,- նշել է նա։

Փորձագետի խոսքով՝ արդեն այժմ ՀԱՊԿ երկրների վրա ճնշումը և նրանց հետ «խաղեր տալը» ուժեղանում են, և դա ավելի կուժեղանա՝ Ուկրաինայի պարտվելուն զուգընթաց և, առավել ևս, կուժեղանա Ուկրաինայում հրադադարից հետո, ոչ թե վերջնական կարգավորումից, այլ հրադադարից հետո։

«Եվ դա իսկապես ՀԱՊԿ երկրներին դնում է դժվար վիճակի մեջ։ Որովհետև հրաժարվել Ռուսաստանից, երես թեքել նրանից, մանավանդ Ուկրաինայում նրա հաղթանակի պայմաններում, հիմարություն է և վտանգավոր։ Այդ հաղթանակից հետո Ռուսաստանը կամրացնի իր ազդեցությունը և ներկայությունը տարածաշրջանում և կունենա, ի դեպ, ամենաուժեղ, մարտունակ, և որ գլխավորն է՝ մարտերում թրծված և ժամանակակից Զինված ուժերը Եվրասիայում, որոնք գիտեն, թե ինչ է 21-րդ դարի բարձր ինտենսիվության պատերազմը, և կունենա ամենահզոր ռազմարդյունաբերական համալիրը, դե, համենայն դեպս, եթե չհաշվենք Չինաստանը։ Եվ միևնույն ժամանակ, լիովին շրջվել դեպի Ռուսաստանը Ռուսաստան-Արևմուտք հակամարտության շարունակման պայմաններում նույնպես անհնար է կամ անցանկալի ՀԱՊԿ երկրների համար, որովհետև դա նշանակում է լիովին դառնալ Արևմուտքի թշնամի, լրիվ ջնջել հարաբերությունները նրա հետ և խաչ քաշել բազմավեկտոր արտաքին քաղաքականության վրա»,- ընդգծել է Դմիտրի Սուսլովը։

Նրա կարծիքով՝ այս առնչությամբ առավել օպտիմալ և անվտանգ ռազմավարությունը ՀԱՊԿ երկրների համար ամեն կերպ ստատուս քվոյի պահպանումն է, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանումը, բայց ոչ ամբողջությամբ նրա կողմն անցնելը Ուկրաինայի և Արևմուտքի հետ առճակատման հարցերում, չանցնել Արևմուտքի կողմը Ռուսաստանի դեմ։

«Վերջինը հղի է, առավելագույնը, պետականության կորստով, նվազագույնը՝ տարածքային ամբողջականության էական կորստով։

Թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այն երկրներին, որոնց մեջ պլացդարմ կամ Արևմուտքի հակառուսական քաղաքականության գործիք է տեսնում, այսօր տեսնում ենք Ուկրաինայի օրինակով՝ ամենաեղբայրական ժողովրդի։ Ուկրաինայում հաղթանակից հետո Ռուսաստանն էլ ավելի կուժեղանա»,- հայտարարել է նա։

Սուսլովի խոսքով՝ ՀԱՊԿ երեք անդամներ՝ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, պահպանում են ստատուս քվոն, լիովին չեն անցնում Ռուսաստանի կողմը և չեն անցնում Արևմուտքի կողմը՝ Ռուսաստանի դեմ։

ՀԱՊԿ չորրորդ երկիրը՝ Բելառուսը, ստիպված էր մեկուսանալ Արևմուտքից՝ հանգամանքների բերումով։

«Իսկ ահա ՀԱՊԿ հինգերորդ երկիրը՝ Հայաստանը ցավոք, հանձին իր ներկա ղեկավարության, շարժվում է ուղիղ հակառակ ուղղությամբ, և ռուսական տեսակետից… անցնում է հակառակոդի կողմը Ռուսաստանի և Արևմուտքի գոյաբանական հակամարտության պայմաններում, երբ Արևմուտքը հռչակում է Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու նպատակ, անգամ չնայած այն բանին, որ պրակտիկան ցույց է տվել այդ ռազմավարական պարտության անհնարինությունը այն պայմաններում, երբ Արևմուտքը  նախկինի պես հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ լուրջ երկխոսությունը և խաղաղ կարգավորումը Ռուսաստանի համար ընդունելի պայմաններով», հայտարարեց ռուս փորձագետը։