Մայր Աթոռի տարածքում քաղաքացիները հավաքվել են՝ հաջակցություն Վեհափառ հայրապետի և Եկեղեցու

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարածքում, մասնավորապես բաց խորանի մոտ, հավաքվել են քաղաքացիներ, հաջակցություն Վեհափառ հայրապետի և Հայ Առաքելական եկեղեցու։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վարդանանք» անունով շարժումը պատրաստվում են փետրվարի 24-ին ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: Ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:

Նրանք դիմել էին Էջմիածնի քաղաքապետարան՝ ընդդեմ Վեհափառի ակցիա իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է ու թույլ չի տվել ակցիա իրականացնել:

Վաղարշապատ խոշորացված համայնքի ընդդիմադիր «Էջմիածին» խմբակցությունը նախապես հաղորդագրություն էր տարածել՝ նշելով․ «Բոլորս քաջատեղյակ ենք` վերջին շրջանում ինչ որ արկածախնդիրների կողմից դեպի Հայ Առաքելական Եկեղեցին իրականացվող կեղտոտ քայլերի մասին, որոնք առաջին իսկ պահից մեր կողմից արժանացել են կտրուկ հակազդեցության:

Համախմբված գործողությունների արդյունքում, համայնքապետարանի կողմից չեղարկվեց մինչ այդ իր իսկ կողմից արտոնված, «Վարդանանք» շարժման կողմից պլանավորվող հակաեկեղեցական և ապազգային ակցիաները, ինչպես նաև մեծ կոնսոլիդացիա առաջացրեց պաշտպանելու Հայ Եկեղեցին ոտնձգություններից:

Այս ամենից հետո բազմաթիվ անգամ սոցիալական ցանցերում «Վարդանանք» կոչվող , իբր թե, կառույցը հայտարարել է , որ չեղարկում է և հետաձգում իրենց ակցիաները Էջմիածնում:

Սակայն, կարծում ենք` պետք է պահպանել զգոնություն և հետևողական պայքար մղել նման անհասկանալի և սրբություն չունեցող անձանց կողմից իրականացվող ցանկացած միջոցառման դեմ:

Հաշվի առնելով վերը նշվածը և այդ անձանց բարոյական կերպարը` առաջարկում ենք ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի խորանի մոտ (բաց խորան):

Հայ Առաքելական Եկեղեցին Սրբության Սրբոցն է»։