Ֆերմերները տրակտորներով Փարիզի կենտրոնում են, իսկ Իսպանիայում բախվել են ոստիկանների հետ

Ֆերմերները Ֆրանսիայի տարբեր շրջաններից տրակտորներով անցել են Փարիզի կենտրոնով, իշխանություններից պահանջելով աջակցություն։ Այս մասին իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ակցիային մասնակցում է մոտ 50 տրակտոր, որոնց վրա ֆերմերներն ամրացրել են ֆրանսիական դրոշներ և պաստառներ` «Դադարեցրե՛ք անվերահսկելի ներմուծումը» պահանջով՝ բողոքելով նաև Ուկրաինայից էժան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման դեմ։

Տրակտորային երթը տեղի է ունենում միջազգային գյուղատնտեսական համաժողովի նախօրյակին, որը Փարիզում կսկսվի փետրվարի 24-ին։ Ակնկալվում է, որ այն կբացի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա խոստացել է երկխոսություն վարել ֆերմերների հետ օժանդակության միջոցների շուրջ:

Ֆերմերների բողոքի ակցիաներ են ընթանում եվրոպական տարբեր երկրներում։

Իսպանիայում բախումներ են տեղի ունեցել բողոքող ֆերմերների և ոստիկանների միջև, Ֆրանսիայում ֆերմերները սպառնում են միջամտել Միջազգային գյուղատնտեսական շուկային, հայտնում է Euronews-ը։

Իսպանիայում ֆերմերները բողոքի ակցիաներ են անցկացնում արդեն երկու շաբաթ։ Ցուցարարները վրդովված են երկիր էժան գյուղմթերքների ներմուծումից, բյուրոկրատական ​​ձգձգումներից, ծախսերի աճից և ԵՄ-ի Կանաչ գործարքից:

Սարագոսայում՝ Արագոնի ինքնավար համայնքի մայրաքաղաքում, զայրացած ֆերմերները փորձել են ներխուժել Գյուղատնտեսության խորհրդի շենք։ Իրավապահները փակել են նրանց ճանապարհը: Բախումներ են տեղի ունեցել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարության և ֆերմերների միջև բանակցություններն անհաջող են անցել։

Սալոնիկում ևս ֆերմերները գորածադուլ էին արել՝ իրենց տեխնիկան կանգնեցնելով կենրտոնական փողոցներից մեկում՝ «Չկա ֆերմեր, չկա մթերք, չկա ապագա» կարգախոսով։