ՌԴ դեսպանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Գանձակ գյուղի թիվ 2 հիմնական դպրոց

Փետրվարի 20-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Գանձակ գյուղի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ՌԴ ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի ՊՀԾ իրականացնում է «Կայուն դպրոցական սննդի զարգացում» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել հանրակրթական ուսումնական հաստատություններում տաք սնունդ տրամադրելու մեխանիզմ։

ՄԱԿ-ի ՊՀԾ ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականին և այսօր ընդգրկում է ավելի քան 1000 դպրոց հանրապետության 10 մարզերում՝ տաք սնունդ ապահովելով 1-4-րդ դասարանների ավելի քան 100 հազար աշակերտի: ՌԴ-ն ծրագրի համար հատկացրել է 25 մլն դոլար, ինչպես նաև մեթոդական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել կադրային խնդիրների լուծման գործում։ 2023 թվականի ամառվանից ծրագրի կառավարումը փոխանցվել է ՀՀ կառավարությանը, որի նախաձեռնությամբ քննարկվում է Երևանի դպրոցները նախագծում ընդգրկելու հարցը։

Գանձակ գյուղի թիվ 2 հիմնական դպրոցում ՄԱԿ-ի ՊՀԾ ծրագրով հատկացված միջոցներով 2020 թվականին վերանորոգվել և վերազինվել է ճաշարանը, իսկ 2023 թվականին ուսումնական հաստատության տարածքում հիմնվել է ոռոգման ժամանակակից համակարգով հագեցած պտղատու այգի և բանջարանոց։

Դպրոց կատարած այցի ընթացքում Կոպիրկինը հանդիպել է նաև ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի հետ, ում հետ քննարկել են Հայաստանում դպրոցական սննդի ծրագրի հեռանկարները, ինչպես նաև համագործակցության զարգացման նոր հնարավորությունները։