Ադրբեջանի ԱԳՆ-ը դատապարտել է Մակրոնի «հայամետ» հայտարարությունները

«Խստորեն դատապարտում ենք փետրվարի 21-ին Փարիզում Հայաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ադրբեջանի դեմ հնչեցրած անհիմն պնդումները»,- Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ը։

Բաքվի պնդմամբ՝ «ավելի օգտակար կլիներ, եթե ֆրանսիական կողմը խոսեր Հայաստանի կողմից Ադրբեջանի ութ գյուղերի շարունակական օկուպացիայի մասին»։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մակրոնը նախօրեին իր ելույթում ասել էր. «Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյուքնում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»: