30 տարիներին ԵԱՀԿ համանախագահող երկրները Ստեփանակերտ գալով՝ արդյո՞ք այցելել են ահաբեկիչների, անջատողականների․ Արթուր Թովմասյան

Որպեսզի միշտ տաք պահենք Արցախի թեման, մենք պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր Սփյուռք, այսօր այդ եռամիասնությունը շատ կարևոր է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

«Տարբեր թեմաներ կան, մենք ունենք վերադարձի իրավունք, մշակութային ժառանգության պահպանման իրավունք, կորցրած գույքի իրավունք: Կան հարցեր, որոնք քաղաքական չեն և դրանք պետք է բարձրաձայնել: Ո՞վ պետք է բարձրաձայնի:

Ես մի առիթով ասել եմ, որ մենք չենք կարող լուծարել Արցախի ԱԺ-ն, չենք կարող  ինքնալուծարվել, ոչ ոք Արցախը լուծարելու իրավունք չունի, մինչև 2025 թվականի մայիսի 21-ը Արցախի ԱԺ-ն գործելու է։ Թեկուզ օրենքներ չենք ընդունելու, բայց որոշումներ, հայտարարություններ լինելու են։

Մենք ունենք երկու ճանապարհ․ մեկը ուռա-հայրենասիրության ճանապարհն է, մյուսը՝ ներկա իրողությունները հաշվի առնելը։ Ես գտնում եմ, որ ներկա իրողություններով պետք է առաջնորդվենք, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին»,-ասաց Թովմասյանը։

Անդրադառնալով գերիների խնդրին, Արցախի ԱԺ նախկին նախագահն ասաց, որ ՀՀ իշխանություններն իրենց ասում են, որ իրենք զբաղվում են գերիների հարցով, ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներով, այլև բոլոր գերիներով, որոնք Բաքվի բանտերում են. «Ես ուսումնասիրել եմ Ադրբեջանի քրեական օրենսգիրքը, քաղաքացիական օրենսգիրքը: Շատ դաժան հոդվածներ են, նրանց կոչում են ահաբեկիչներ, անջատողականներ, բայց այս 30 տարիներին ԵԱՀԿ համանախագահող երկրները միշտ էլ եղել են Ստեփանակերտում: Արդյոք նրանք այցելել են ահաբեկիչների, անջատողականների: Արցախի բոլոր ընտրություններին միշտ էլ միջազգային դիտորդներ են եղել, 100-ից ավելի պետություններից: Բոլորն էլ արձանագրել են, որ ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքներին և Արցախի  ընտրական օրենսգրքի համապատասխան և մի քայլ առաջ է, քան նախորդ տարիներին: Արձանագրել են, որ մենք ընտրություններն ավելի լավ ենք կազմակերպում, քան տարածաշրջանի պետությունները»:

Ինչ վերաբերում է արցախահայության Արցախ վերադարձին՝ Արթուր Թովմասյանն ասաց, թե միջազգային երաշխիքներ են պետք դրա համար, քանի որ անվտանգության հարցեր կան. «Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է»։