Մեծ Պահքին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել քրեակատարողական հիմնարկներում

Հայ եկեղեցու ծիսակարգի համաձայն՝ Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթիից սկսվում է Մեծ Պահքի շրջանը։ Այն տևում է քառասուն օր՝ մինչև Ծաղկազարդին նախորդող շաբաթ օրը։ Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ։

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում, ինչպես ամեն տարի, այս տարի ևս իրականացվել են Պահքին նվիրված հոգևոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված կանանց նախաձեռնությամբ միջոցառումը նվիրված է եղել Պահքի յոթ կիրակիներին, ներկա է եղել նաև հիմնարկի հոգևոր հայր Տեր Արսեն քահանա Համբարձումյանը։

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգևոր անկյունում Տեր Զենոն քահանա Բարսեղյանը ազատազրկված անձանց համար կատարել է ժամերգություն, այնուհետ մեկնաբանել աղոթքների և Պահքի խորհուրդը, ինչպես նաև Յոթ կիրակիների նշանակությունը Պահքի ընթացքում։

«Արտաքսման կիրակի» և «Բարեկենդան» խորագրերով Պահքին նվիրված միջոցառում է կազմակերպվել նաև «Սևան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր անկյունում։