Այսօր Արցախյան ազատագրական շարժման 36-ամյակն է

Այսօր Արցախյան ազատագրական շարժման 36-ամյակն է։

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

Այդ օրը Երևանում սկսվեցին ցույցեր՝ ի սատարումն արցախահայության արդար պահանջի, ցույցերը դարձան շարունակական, սկսվեցին հարյուրհազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքներ։

Փետրվարի 26-ի հանրահավաքին հայտարարվեց «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման մասին։ Առաջին կազմը 9 հոգուց էր բաղկացած, ծագումով ԼՂ-ից գործիչներ, նաև կուսակցական ներկայացուցիչներ։ Սակայն որոշ ժամանակ անց արդեն «Ղարաբաղ» կոմիտեի կազմը փոփոխությունների ենթարկվեց, և 11 հոգանոց «Ղարաբաղ» կոմիտեն՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Վարդանյան կազմով առաջնորդեց անկախության շարժումը։

Փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության կոտորած, որն ուղեկցվում էր սպանություններով, բռնաբարություններով, ջարդերով, կողոպուտով: Այնուհետև հայկական ջարդերի ալիքը տարածվեց Ադրբեջանի ողջ տարածքով:

1988 թ. մարտին Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց «Կռունկ» կազմակերպությունը, որը համակարգում էր Արցախի հայերի ազատագրական շարժումը։

Խորհրդային հանրապետությունների ինքնիշխանության ձեռքբերման գործընթացի մեկնարկից հետո ղարաբաղյան հարցին լուծում գտնելու ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների համեստ փորձերը՝ ելնելով «կողմերի շահերի հավասարակշռությունից», փոխարինվեցին Արցախի ժողովրդի կամարտահայտությունը ճնշելու միանշանակ դիրքորոշմամբ:

1989 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստին ընդունվեց «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշում:

1992-ին՝ թշնամին լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի սահմանի բոլոր ուղղություններով: Կրելով ծանր պարտություն՝ հակառակորդը զինադադար  խնդրեց: Սակայն տարիները ցույց տվեցին, որ թշնամին պարտության հետ հաշտվելու մտադրություն չունի: 2016-ին վերստին պատերազմ սանձազերծեց: Հայկական ուժերի պատասխան գործողություններից ստիպված եղավ հետ քաշվել:

Ցավոք, Թուրքիայի գործուն մասնակցությամբ, միջազգային կառույցների լռելյայն  համաձայնությամբ, 2020 թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զավթիչները աննախադեպ, մեծածավալ հարձակումներ սկսեցին Արցախի սահմանի ողջ երկայնքով, ինչը իր ողբերգական շարունակությունն ունեցավ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին։ Արցախցին դարձավ տնավեր, բնավեր։ Այսօր Թշնամու կողմից բռնազավթած և հայաթափված է ողջ Արցախը։