Հայաստանն ապագայի շանս կունենա միայն մեկ դեպքում․ եթե հայ ժողովուրդն իշխանազրկի Նիկոլ Փաշինյանին․ Արմեն Աշոտյան

Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

168․am-ի տեղեկացմամբ, քաղաքացի Կարեն Լեռնոյանը հարցրել է. «Պատերազմ է հասունացել, պարոն Աշոտյան, ի՞նչ գնահատականներ կտաք էս ամենին, ի՞նչ կարող ենք անել մենք էստեղ կանխելու համար նոր արհավիրքները»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է.

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդը չի կատարել նոր պատերազմները, նոր կորուստները, նոր զիջումները կանխելու ամենակարևոր քայլը՝ չի հեռացրել Նիկոլին և չի պատժել ահռելի մարդկային և տարածքային կորուստների մեղավորներին։ Ալիևը կմնա անպատիժ այնքան ժամանակ, որքան անպատիժ է Նիկոլը։

Իմ ողջ հարգանքով մեր սահմաններին կանգնած զինվորների հանդեպ, մենք չունենք Նիկոլի շնորհիվ ոչ ներքին, ոչ արտաքին անվտանգային գործուն մեխանիզմներ։ Սեփական բանակը կազմալուծելու, մեր տղերքի վրա մատ թափ տալուն զուգահեռ, Փաշինյանը վերածել է Հայաստանը գեոպոլիտիկ բոմժի՝ դիվերսիֆիկացիայի անվան տակ քանդելով հին պաշտպանական համակարգը և չստեղծելով նորը։

Հայաստանն ապագայի շանս կունենա միայն մեկ դեպքում․ եթե հայ ժողովուրդն իշխանազրկի Նիկոլ Փաշինյանին, ուստի փրկության բոլոր ճանապարհները տանում են դեպի Հանրապետության հրապարակ, հակառակ դեպքում՝ դեպի մոտակա գերեզմանախորշ»։