Լեգենդար հետախույզը. Գևորգ Վարդանյան

Այսօր խորհրդային հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակն է։ Նրա ողջ կյանքը գաղտնի է պահվել, նրա մասին խոսվել, անունը հայտնի է դարձել միայն 21-րդ դարի սկզբին։ Նա տարբեր երկրներում իրականացրել է հետախուզական բազմաթիվ գործողություններ, որոնց մի մասը մինչ այժմ «հույժ գաղտնի» խորագրի ներքո է։

Գ. Վարդանյանը  ծնվել է 1924 թ. փետրվարի 17-ին՝ Դոնի Ռոստովում: 1940-ից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Նրա կենսագրությունից մեզ հայտնի է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին 19-ամյա հետախույզը (կեղծանունը՝ Անրի) պետք է ապահովեր հակահիտլերյան կոալիցիայի երկրների առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Իսկ նրա անդավաճան գործընկերը իր կինն էր՝ Գոհարը՝ Անիտա կեղծանվամբ։

Ավելի քան երեք տասնամյակ անց այս պատմությունը հիմք է դարձել «Իրական պատմություն. Թեհրան 43» ֆիլմի համար։

Գուցե շատ ավելի կարևոր և նշանակալի անցքեր նրա կենսագրությունից՝ «հույժ գաղտնի» մակագրմամբ, սպասում են բացահայտվելու իրե՛նց ժամանակին։
1951 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Հետագայում նա հետախուզական բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում։

Հայազգի հերոսն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992 թ․։ Անգամ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Գևորգ Վարդանյանն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Մահացել է 2012թ․ հունվարի 10-ին:

Գևորգ Վարդանյանի կիսանդրին այսօր` նրա 100-ամյա հոբելյանի օրը, բացվեց նրա անունը կրող Երևանի թիվ 192 դպրոցի բակում։