Վահան Քերոբյանը հարցաքննվում է․ նրա փաստաբանը Տիգրան Եգորյանն է

Վահան Քերոբյանի փաստաբանը Տիգրան Եգորյանն է: Նա քիչ առաջ ժամանեց Քննչական կոմիտե, որտեղ և այս պահին հարցաքննվում է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

Հիշեցնենք, որ Քերոբյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հեռանում է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, այսօր հեռացել է նաև Քերոբյանի մամուլի խոսնակը։

 Հիշեցնենք՝ երկու շաբաթ առաջ Քննչական կոմիտեն հայտարարեց Էկոնոմիկայի նախարարությունում աղմկահարույց բացահայտումների մասին, քրեական հետապնդում հարուցվեց նույն օրը էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանի ու ևս 4 պաշտոնատար անձի նկատմամբ։ Քննչական կոմիտեում 2 վարույթ է հարուցվել։

Ըստ ՔԿ-ի՝ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների անհիմն փոխհատուցվել է ընդհանուր շուրջ 238 մլն դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։

Անի Իսպիրյանն այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Մեկ այլ վարույթով պարզվել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք գնումների մրցույթում ընկերության հաղթանակն ապահովելու համար մյուս մասնակից ընկերության համար ստեղծել են  իբր անհնար դարձնող պայմաններ ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը՝ պաշտոնատար անձինք։

Նախարար Վահան Քերոբյանը Կառավարության վերջին նիստում իր դժգոհությունն արտահայտեց, որ խոսք չի կարող գնալ կոռուպցիայի մասին, որ վարույթներից մեկով նախարարությունը վնաս չի կրել, գումար չի տրամադրել տենդերին մասնակցած ընկերություններից որեւէ մեկին, մյուսով էլ դեռ պետք է ապացուցել, որ դիտավորություն է տեղի ունեցել, ուստի ինքը չի պատրաստվում հրաժարական տալ։