«Էսկո Ֆարմ»-ը արտոնություն ստացավ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել բերանի խոռոչի հիգիենայի միջոցների, քսուկների, նրբաքսուկների, հեղուկ դեղաձևերի, փոշի դեղաձևերի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2011թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 561 մլն դրամի կապիտալ ներդրում և 479 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 100 մլն դրամի կապիտալ ներդրում՝ նոր սարքավորումների ձեռքբերման, արտադրական տարածքների կառուցման, արտերկրում դեղերի գրանցման համար և 896 մլն դրամի ներդրում՝ ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 125 աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 123 հազ դրամից մինչև 132 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 896 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 78,5 մլն դրամ: