Չորս զոհ և 1 վիրավոր ունենք, նախ, Նիկոլի և նրա ոհմակի հանցավոր քաղաքականության հետևանքով, և ապա նոր միայն՝ Ադրբեջանի ԶՈւ կրակի

Նիկոլն ի՞նչ է արել… Նիկոլն ի՞նչ անի… Տո բավակա՛ն եղավ, այ նիկոլազոմբիներ, հենց ձե՛ր զավակները պետք է այսօր թշնամու արձակած գնդակների զոհ դառնային կամ դառնան ապագայում, որ ձեր խելքը գլուխը գա:

Անկեղծ ասած, նույնիսկ կասկածում եմ, թե գոնե դրանից հետո կհասկանաք, որ այսօր ու դրանից առաջ կատարված բազմաթիվ ողբերգությունները, հարյուրավոր, եթե 44- օրյան էլ նկատի ունենանք, հազարավոր զոհերը, նախ, Նիկոլի ու նրա ոհմակի հանցավոր, հայադավ քաղաքականության հետևանքն են, և ապա նոր միայն, զուտ վերջնափուլում ֆիզիկական իրագործման առումով, Ադրբեջանի ԶՈւ գործողությունների: Այո՛, կասկածում եմ ու չեմ բացառում, որ անգամ դրանից հետո ձեր «տղամարդկանցից» ոմանք Նիկոլի ոտքերի առջև գառ մորթեն, բաժակ խփեն նրա բաժակին և օղի լակեն, իսկ ձեր էգերից ոմանք տռճկեն Էռատոյի հետ:

Դեռ կներկայացնենք, թե Նիկոլը և իր ոհմակն ինչ են արել և ինչ չեն արել, կատարվածն ինչու է, նախևառաջ, Նիկոլի և նրա ոհմակի հանցավոր քաղաքականության հետևանքով:

 

Առավոտվա գույժը

Սյունիքում, Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր ժամը 05:30-ից սկսած, հրաձգային զենքերից ժամեր շարունակ կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակը դադարել է միայն ժամը 09:30-ի դրությամբ: «Պաշտպանության նախարարություն» կոչվածն ավելի ուշ հրապարակեց զոհվածների անվանացուցակը՝ Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.), Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։ Զոհված բոլոր զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներ են:

Հրազենային վիրավորում է ստացել 1988թ. ծնված Ռոստամ Բաղիշի Վարդանյանը, վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: Վշտակցում ենք զոհվածների ընտանիքների անդամներին ու մերձավորներին, իրենց ու բոլոր հայերիս մաղթում համբերություն, իսկ վիրավորում ստացած զինծառայողին՝ շուտափույթ ապաքինում:

 

Ոչ միայն զոհեր, վիրավոր, այլև տեղի բնակիչների կյանքի, անվտանգության և մարդու այլ հիմնարար իրավունքների խախտում

Ինչպես Հայաստանի ՄԻՊ աշխատակազմին պատմել են տեղի բնակիչները, կրակոցները պարզ լսելի են եղել Ներքին Հանդում, ինչի հետևանքով իրենք հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում և ահաբեկվել։

Ինչպես ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Մանասյանը, Ադրբեջանի ԶՈւ գործողություններն իրական վտանգ են ներկայացրել անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։ Այսպիսով Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության և այլ հիմնարար իրավունքները։

 

Վայ Մարուքյան, Մարուքյան…

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում անդրադառնալով Ներքին Հանդում ադրբեջանական ագրեսիային, մասնավորապես գրել է.

«Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության համաձայն՝ այս գիշեր նրանք իրականացրել են «Հատուցում» գործողությունը՝ հարձակվելով Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված սահմանապահ դիրքի վրա, ինչի հետևանքով երկու հայ զինվոր զոհվել է, և կան վիրավորներ։

Նախ Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմից եղել է գնդակոծություն, իբր, վիրավոր կա, ապա հայկական կողմը հայտարարում է, որ իրենք կհետաքննեն միջադեպը, իսկ ադրբեջանական կողմը հարձակվում է, սպանում և խեղում մարդկանց՝ չսպասելով որևէ հետաքննության՝ այդպիսով ցույց տալով, որ նրանք պատրաստ են հարձակվել և պարզապես պատճառ են փնտրում։

Այսպիսով, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր «ավանդական»‰ հանցավոր, ագրեսիվ պահվածքից և նախ տարածում է անվերահսկելի, միակողմանի, կեղծ լուրեր, թե իբր հայկական կողմում կրակոցներ են եղել, իսկ հետո արդեն պատրաստի գործողություն են կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ սպանելով ու խեղաթյուրելով նոր կյանքեր։

Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունների այս շղթան պետք է դադարեցվի։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող նողկալի, սադրիչ գործողությունների այս շղթան և կոչ անի Ադրբեջանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերը ավելի քան 215 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից, ինչը ագրեսիա և սադրանք է Հայաստանի դեմ»։

Դե հասկանալի է, որ Մարուքյանին այդ պահին հայտնի է եղել միայն 2 զոհի մասին. բայց հետաքրքիր է՝ նա նո՞ր է պարզել իր «ավանդական» հանցավոր, ագրեսիվ պահվածքից Ադրբեջանի չհրաժարվելու ակնհայտ լինելը… Կամ գրելով այդ մասին, տեղի կամ միջազգային հանրությանն այդ ի՞նչ նորություն է ուզում մատուցել…

Ճիշտ է դեսպանի պահանջը, որ «Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունների այս շղթան պետք է դադարեցվի», բայց դա, ինչպես անցյալի փորձն է վկայում, արյունարբու թշնամու հետ հարաբերվելու պարագայում հնարավոր է միայն ուժի միջոցով, ուժի լեզվով, նրան համարժեք, ավելի ճիշտ, ասիմետրիկ պատասխան տալով, այնպիսի դաս տալով, որ երկար ժամանակ ցավից միայն ոռնալ կարողանա և ոչ ավելին:

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր ոչ ցանկանում է, ոչ էլ կարող այդպիսի պատասխան տալ, քանի որ նրանց մի մասը պետական դավաճաններ են, հայադավ սրիկաներ, մի մասը՝ վախկոտներ, մի մասն՝ ազգային արժանապատվությունից զուրկ պաշտոնյաներ, մի մասը՝ մասնագիտական համապատասխան գիտելիքներ ու փորձ չունեցող անձինք, իսկ եթե նույնիսկ կան այս բնորոշումներից դուրս գտնվողներ, ապա նրանք եղանակ որոշողներ չեն:

Թշնամուն արժանի պատասխան ու դաս տալու, նրան զսպելու, հարկ եղած դեպքում նաև կանխարգելիչ հարված հասցնելու համար պետք է, նախ, համապատասխան վարչապետ ունենալ, պետք է նաև համապատասխան գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարար, հրամանատարական կազմ, բանակ ունենալ: Այսօր մենք թվարկվածներից ոչ մեկը չունենք:

Մարուքյանի կոչը՝ «Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող նողկալի, սադրիչ գործողությունների այս շղթան…», եթե իրավիճակը ողբերգական չլիներ, կարելի է զավեշտական համարել: Դերասանությա՞մբ է զբաղված, այդ կոչով համապատասխան միջոցներ ձեռնարկելու երևութականությո՞ւն է փորձում ստեղծել, թե՞ չի հասկանում, որ «միջազգային հանրություն» կոչվածը կամ չի դատապարտելու Ադրբեջանի գործողությունները, կամ եթե նույնիսկ դատապարտի էլ, դա լինելու է ընդամենը ձևական, մեզ ոչինչ չտվող դատապարտում, Ադրբեջանի կողմից այդ դատապարտումն անտեսելու դեպքում միջազգային հանրության կողմից գործնական քայլեր չեն լինելու: Անցյալում նույն Մարուքյանը, Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողները և այլ պաշտոնյաներ քանի- քանի՞ անգամ են նման կոչերով հանդես եկել, և ի՞նչ…

 

Ի՞նչ տվեցին մեզ, կամ ի՞նչ են տալու Բորելի կեղծ «ցավոք»- ը և հռետորական հարցը

Այսօր Բրյուսելում, ՀՀ- ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ, կայացել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի (Արաբատ Միրզոևի) և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի առանձնազրույցը։ Մինչ այդ, միմյանց բարևելուց հետո, Բորելը, նկատի ունենալով Ներքին Հանդում տեղի ունեցածը, հարց է ուղղել Միրզոևին՝ «Ցավոք, մենք կրկին խնդիր ունենք, այո՞»: Պատասխանելով հարցին, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողն ասել է՝ «Ցավոք, այո»:

Առանձնազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ Ինչպես ընդգծել է Միրզոևը, այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում է վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը:

Այո, ճիշտ է ասել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը, բայց հետո ի՞նչ… Քանի՞ լումա արժե նրա կողմից ճշմարտության այս արձանագրումը, երբ այդ ճշմարտությունն իմանալով, Նիկոլը, ինքը, Հայաստանի իշխանության այլ ներկայացուցիչներ դեռ շարունակում են բարբաջել խաղաղության ճանապարհով գնալու, «խաղաղության պայմանագրի» և «Խաղաղության խաչմերուկ»- ի մասին. որոնց վրա Ադրբեջանը, ըստ էության, թքել է, քանի որ, հենց Միրզոևի խոստովանությամբ, «շարունակաբար փորձում է վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը»:

Միրզոև- Բորել հանդիպման ընթացքում կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը, բայց երևի միայն ավանակին հասկանալի չէ, որ նշված քայլերի զսպումը կարևորելը մի բան է, դրանք գործնականում զսպելը՝ բոլորովին ուրիշ բան: Կասկածից գրեթե դուրս է, որ իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերն իրականում չեն զսպվելու, առաջիկայում, հավանաբար գարնանը, բոլորը կհամոզվեն դրանում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան