Այսօր տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը, ապա՝ Միրզոյան-Բորել համատեղ ասուլիսը

Եվրախորհուրդը հայտնել է, որ այսօր՝ փետրվարի 13-ին, Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստն ու կլոր սեղան-քննարկումը։

Ըստ Եվրախորհրդի հայտարարության՝ կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա Երևանի ժամանակով 15։30-ին։

«ԵՄ-ն և Հայաստանը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունների իրականացման վիճակի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Գործընկերության օրակարգի ավելի հավակնոտ ծրագրին շարժվելու հնարավորության շուրջ: Նրանք նաև կքննարկեն քաղաքական երկխոսությունը և բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև միգրացիան, շարժունակությունը և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նիստից հետո նախատեսվում է Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսը։