ՔՊ-ի գրասենյակի դիմացի մայթը՝ վերանորոգվող մայթերի ցանկում․ պայմանագրի գինը՝ 39 մլն․ «Հետք»

«Հետքը» գրում է․ Երեւանի Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի դիմացի մայթն այս պահին քանդված է՝ նորոգման աշխատանքներով պայմանավորված։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2022-ին վարձակալել է Հանրապետության 47 հասցեի շենքը։ Շինաշխատանքների հրապարակում կախված է ցուցանակ, որտեղ նշված է շինաշխատանքների համար կնքված պայմանագրի ծածկագիրը։ Մենք ուսումնասիրեցինք այս պայմանագրի կետերը։

Պայմանագիրը կնքվել է «Առնա» ՍՊ և «Աբաջյան շին» ՍՊ ընկերությունների կոնսորցիումի (համընկերություն) և Երևանի քաղաքապետարանի միջև: Պայմանագրի համաձայն՝ կապալառուն պարտավորվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում մայթերի վերանորոգման աշխատանքներ կատարել։ Վերանորոգման աշխատանքներ կատարվելու են 100-ից ավելի փողոցներում, այդ թվում՝ Հանրապետության փողոցում։ Պայմանագրի գինը 39 մլն 200 դրամ է։ Հանրապետության փողոցում նորոգվում է 47 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր գրասենյակի դիմացի մայթը։

Մրցույթին դիմել է  միայն «Աբաջյան շին» ՍՊ ընկերությունը և հաղթող ճանաչվել, իսկ պայմանագիրը կնքվել է «Առնա» ՍՊ ընկերության հետ։ Այս երկու կազմակերպությունները, համընկերության սկզբունքով, պայմանագրով սահմանված աշխատանքը կատարում են միասին։ «Առնա» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2023թ․-ի հոկտեմբերի 31-ին: Երևանի քաղաքապետարանի իրականացրած մրցույթի հրավերը gnumner.am-ում հրապարակել է 2023թ․-ի հոկտեմբերի 23-ին, իսկ հայտերի ընդունման և վերջնաժամկետի օրը նոյեմբերի 2-ն է եղել:

Պայմանագրի համաձայն՝ պետք է կատարվեն քանդման և կառուցապատման աշխատանքներ, ինչպես օրինակ կարող եք տեսնել լուսանկարներում, որտեղ քանդվել է ասֆալտը։ Պայմանագրում հստակ գրված չէ, թե որ փողոցի որ հասցեում գտնվող մայթը պետք է վերանորոգվի, և ինչ սկզբունքով է ընտրվում, թե փողոց որ հատվածի մայթը պետք է վերանորոգվի։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ վերանորոգման աշխատանքները իրականացվում են փողոցների այն հատվածներում, որտեղ մայթը վնասված է։ Նաև նախապատվություն է տրվում այն հատվածներին, որոնք ասֆալտապատ են, քանի որ ռազմավարություն է որդեգրվել ասֆալտը փոխարինել սալիկներով։ Ըստ լրատվության վարչության՝ Հանրապետության փողոցում 47 հասցեի դիմացի մայթն է ընտրվել, քանի որ այն վնասված է եղել։ Մայթի լուսանկարները մինչ վերանորոգման աշխատանքների սկսելը կարող եք տեսնել լուսանկարներում։