Ադրբեջանը տրամադրված է շատ արագ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. Բաքվում ՌԴ դեսպան

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը «Իզվեստիային» տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ապագային և ռուս-ադրբեջանական հարաբերությոնների զարգացմանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ «Ցավոք սրտի, չստացվեց. այս թեման փակվեց սեպտեմբերին՝ ռազմական գործողությամբ։ Ռուսաստանը միշտ շատ կարևոր դեր է խաղում կարգավորման հարցում»,- նշել է ռուս դիվանագետը: Նա շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել կողմերին։

«Ինձ թվում է, որ այդ բանակցությունները կարող են բավականին արագ ավարտվել։ Մենք պատրաստ ենք տրամադրել մոսկովյան հարթակը, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել փորաձագիտական աջակցությունը, տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները»,- նշել է Եվդոկիմովը՝ հավելելով՝ «Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը տրամադրված է շատ արագ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Սակայն, ինչպես հայտնի է, բանակցություններն ավարտելու համար նման ցանկություն պետք է ունենա նաև մյուս կողմը»,- նշել է դեսպանը:

Հարցազրույցի ժամանակ դիվանագետը խոսել է նաև Ադրբեջանի հիմնական հատվածից մինչև Նախիջևան տրանսպորտային կապի մասին՝ ընդգծելով, որ այդ թեման շատ կարևոր է ադրբեջանական կողմի համար։ Միխայիլ Եվդոկիմովը կրկին շեշտել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ սեփական միջոցներով բավական արագ վերականգնել այս երթուղին։

«Տարբեր պատճառներով, որոնք ինձ այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»,- կարծիք է հայտնել դիվանագետը:

Դեսպանը, խոսելով ԼՂ-ում մնացած ՌԴ խաղաղապահների մասին, նշել է, թե խաղաղապահներն արդյունավետ կատարում էին Ադրբեջանի այդ տարածքի պահպանության գործառույթները, մյուս կողմից՝ հայ բնակչության համար կարևոր էր, որ այնտեղ ներկա էին ռուս խաղաղապահներ, որոնք ապահովում էին իրենց անվտանգությունը՝ նշել է Եվդոկիմովը:

Ռուս դիվանագետի բնորոշմամբ՝ հակաահաբեկչական գործողության ավարտից հետո, ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ համատեղ իրականացնում են տարածքի պարեկություն, շենքերի և մշակութային կառույցների պահպանություն։ «Այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համաձայնեցվում են մեր խաղաղապահ զորակազմի շուրջ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները․նրա տեղակայման ժամկետը լրանում է 2025 թվականին»,- հայտնել է Միխայիլ Եվդոկիմովը