Ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այն կարծիքին է, որ մշակութային օջախները լավագույն վայրերը չեն հոգեհանգստի կազմակերպման համար։

«Ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել, ամենայն հարգանքով ցանկացած գործչի վաստակի նկատմամբ, սա կապ չունի որևէ անձի հետ, ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը չի կազմակերպվում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Հիշեցնենք, որ երեկ «Ֆեյսբուքում» նախաձեռնություն էր սկսվել՝ կառավարությունից պահանջելով «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։

Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը կկայանա այսօր Նոր-նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին` Կամերային երաժշտության տանը։ Նա  կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։