ԱՄՆ Սենատում տապալվել է անվտանգության վերաբերյալ 118 միլիարդանոց երկկուսակցական նախագծի վավերացումը

60 միլիարդ դոլար Ուկրաինայի, ավելի քան 14 միլիարդ Իսրայելի համար նախատեսող և ԱՄՆ սահմանային անվտանգության ամրապնդմանն ուղղված երկկուսակացական՝ դեմոկրատների ու հանրապետականների հայտնի օրինագիծը, որով նախատեսված ընդհանուր գումարը կազմում էր 118 միլիարդ դոլար, Սենատում տապալվեց, գրում է Ամերիկայի Ձայնը։

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի հավանությունը ստանալու համար այն պետք է հավաքեր առնվազն 60 սենատորների ձայներ, սակայն կողմ էին միայն 49-ը, դեմ՝ 50:

Քվեարկությունից առաջ հարցի վերաբերյալ խոսել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը․ «Ամերիկյան ժողովուրդը ցանկանում է լուծում, որը վերջ կդնի դատարկ քաղաքական հռետորաբանությանը, որն այսքան ժամանակ ապարդյուն է անցել: Պետք է տեղ հասցնենք ռեսուրսները, որպեսզի գործն ավարտվի»:

Բայդենն, ինչպես հայտնի է, կողմ էր օրինագծին, որի շուրջ բանակցություններն ԱՄՆ Սենատում չորս ամիս տևեցին, քանի որ Կիևին ցուցաբերվող օգնության դիմաց հանրապետականները պահաջում էին խստացնել ԱՄՆ ներգաղթի համակարգը: