«Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու նախագծին «դեմ» են․ հանրային քննարկումն ավարտվել է

Երեկ կեսգիշերին իրավական ակտերի քննարկման միասնական հարթակում ավարտվեց ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված «Հայոց պատմությունը» «Հայաստանի» պատմությամբ փոխարինելու նախագծի հանրային քննարկումը: Այս մասին գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած նախագծի հեղինակների հուսահատ ճիգերին, բազմակի ֆեյքային քվեարկություններին (միայն վերջին օրը կայքում մոտ 2000 Կողմ ձայն ավելացավ, հիմնականում քվեարկության վերջին ժամերին), հայ հանրությունը այս անգամ կարողացավ մոբիլիզացվել և շառաչուն ապտակ հասցնել այս հակազգային և հակագիտական նախագծի հեղինակներին: Հանրային քննարկման էջ այցելել է մոտ 200,000 քաղաքացի, նրանցից համարյա 12,000-ը գրանցվել և Դեմ են քվեարկել նախագծին, և նրա տակ 500-ին հասնող Դեմ արձագանք թողել, այն դեպքում, երբ քննարկման երկու շաբաթվա ընթացքում գեթ մեկ հիմնավոր Կողմ արձագանք չհայտնվեց:

Ավելին, բազմաթիվ պատմաբան գիտնականներ և մանկավարժներ ևս միարժեք Դեմ արտահայտվեցին այս նախաձեռնությանը, և այն առաջ մղող ԿԳՄՍ նախարարուհին հայտնվեց բացարձակ մեկուսացման մեջ, ստիպված լինելով ԱԺ ամբիոնից հանդես գալ անհեթեթ արդարացումներով, մոռանալով թերևս նշել սակայն, որ այս ամբողջ նախաձեռնությունը ծնվել է ոչ թե գիտական քննարկումների և լուրջ մասնագիտական վերլուծությունների արդյունքում, այլ ընդամենը մեկ «հիվանդ» ուղեղում առաջացած և ասպարեզ նետված արկածախնդիր գաղափարի հետևանքով:

Մեր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը առաջին օրվանից սկզբունքային դիրքորոշում է ստանձնել այս հարցում, և հետևողականորեն պայքարել է ներկայացված նախագծի դեմ, մոբիլիզացնելով մեր աջակիցներին և համախոհներին: Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սկզբունքային մոտեցում դրսևորեցին՝ պաշտպանելու մեր պատմությունը և ինքնությունը այս արկածախնդիր հարձակումից, միաժամանակ ցանկանում եմ հույս հայտնել, որ սա լավ առիթ կդառնա մեր քաղաքացիական հասարակության համար՝ հավատալու իր ուժերին, ինքնակազմակերպվելու և սեփական օգտակար և նորարարական նախաձեռնություններով առաջ մղելու մեր երկրի զարգացման օրակարգը»: