Թուրքի առջև կզած, թշնամու պահանջը կամ պատվերը կատարող Փաշինյանը, և թուրքի առջև չկզած, երկրի ազգային շահերը պաշտպանած Սերժ Սարգսյանը

Տեսագրություններում, գոնե լուսանկարներում տեսե՞լ եք, չէ՞, քծնող ու զզվելի ժպիտը դեմքին, Հայաստանի վարչապետին, մեղմ ասած, անվայել, անհարիր ու խայտառակ կեցվածքով, Ալիևի և Էրդողանի առջև կզած Նիկոլ Փաշինյանին՝ մեր արտաքին թշնամիների պահանջը կամ պատվերը կատարողին…

Գնալով սակավանում է այն մարդկանց թիվը, ովքեր դեռ չեն հավատում, որ Փաշինյանն Արևմուտքի կողմից իշխանության է բերվել և իշխանության է եկել թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Հայաստանի դիվանագիտական, քաղաքական ջանքերից հրաժարվելու, թե պահանջատիրությունից ընդհանրապես հրաժարվելու, այդ գաղափարը թաղելու, թե Արցախը դավադրաբար, պետական դավաճանության ու պարտվողական պատերազմի արդյունքում Ադրբեջանին հանձնելու, թե Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու նպատակներով:

Հիմա էլ Փաշինյանը փորձում է Ալիևի պահանջով հասնել Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման, խոսք է գնում նույնիսկ հայաստանի զինանշանը փոխելու, Արարատը կենտրոնից, առաջին պլանից հեռացնելու կամ զինանշանից ընդհանրապես վտարելու մասին: Այս ամենն իբր խաղաղության, Սահմանադրությունը Հայաստանի պետական շահերին համապատասխանեցնելու համար:

Այսօր, ցավոք, շատերն են մոռացել, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ էր հարևանների հետ խաղաղություն, նորմալ հարաբերություններ փնտրում, բայց արժանապատվորեն, ոչ թե Փաշինյանի պես Հայաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ դնելով, այլ երկրի ազգային շահերը հստակորեն պաշտպանելով:

Հեռու ենք պարոն Սարգսյանի բազմաթիվ սխալներն ու մեղքերն արդարացնելու փորձից, բայց չենք կարող մոռանալ, ուրանալ, հանուն ճշմարտության չներկայացնել իրականությունը, թե նա Արցախի, Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների հարցում ինչպես էր հարաբերվում Ալիևի, կամ Ցեղասպանության, Հայաստան- Թուրքիա հարաբերությունների հարցում Էրդողանի հետ:

2010 թվականի ապրիլի 12., Վաշինգտոն. այդ օրը ԱՄՆ- ի մայրաքաղաքում սկսվեց Սերժ Սարգսյան- Ռեջեփ Թայիփ Էրդողան երկօրյա բանակցային գործընթացը, հայ- թուրքական երկխոսության «գլխավոր մրցավարը» ամերիկյան կողմն էր: Կողմերը լրջորեն էին նախապատրաստվել բանակցություններին: Դա ակնհայտ էր անգամ 1 ժամ 15 րոպե տևած Ս. Սարգսյան- Ռ. Էրդողան հանդիպմանը նախորդած ձեռքսեղմումի ժամանակ: Երկու ղեկավարների դեմքին ժպիտ ու դիվանագիտական պրակտիկայում կիրառվող այլ «քաղաքավարական ժեստեր» գրեթե չկային:

Բանակցություններից առաջ նախագահ Ս. Սարգսյանի հնչեցրած հայտարարություններն ու կատարած քայլերը վստահություն էին ներշնչում, որ նա վճռականորեն է տրամադրված: Դրա մասին մասնավորապես վկայում էր ՀՀ նախագահի ապրիլի 10- ի հստակ հայտարարությունը. «Ամենակարևորը՝ արդեն մենք մեր որոշումն ունենք»:

Վերոնշյալ հայտարարությանը հետևեց ականավոր ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործի մեծ ջատագով, իռլանդացի Ուիլյամ Շաբասին Հայաստանի նախագահի մրցանակ շնորհելու փաստը: Սա, գնահատման և երախտիքի արտահայտություն լինելուց զատ, քաղաքական հստակ ուղերձ էր՝ ուղղված այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանին և հարևան պետության ղեկավարությանն ընդհանրապես:

Պատահական չէ նաև, որ Թուրքիայի վարչապետի հետ իր բանակցություններից հետո, նախքան Երևանի ժամանակով 22:30- ին նշանակված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանը նախապես ծրագրել էր ծաղկեպսակ դնել ու ելույթ ունենալ Վաշինգտոնի ազգային տաճարում գտնվող ԱՄՆ նախկին նախագահ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վուդրո Վիլսոնի շիրիմին:

Այս ամենը ցույց էր տալիս, որ Դեր Զորում մարտի 24- ին Հայաստանի նախագահի հնչեցրած ծրագրային ելույթն իր տրամաբանական շարունակությունն է ունենալու Վաշինգտոնում: Ուստի Ռ. Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները խուսափեցին լրագրողների առջև ճեպազրույցով հանդես գալուց, ինչից ևս ակնհայտ դարձավ, որ նրանց միջև իսկապես լուրջ քննարկում է եղել…

Հենց դրան հետևեց ՀՀ նախագահի այցը Վաշինգտոնի ազգային տաճար: Վուդրո Վիլսոնի շիրիմին ծաղկեպսակ դնելուց հետո Ս. Սարգսյանն իր կարճատև ելույթում մասնավորապես նշեց, որ հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ է՝ Թուրքիան չի կարող նախապայմաններով խոսել Հայաստանի և հայության հետ: Նախագահը նաև ընդգծեց, որ Թուրքիային չի թույլատրվի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը, կամ փոխել Ղարաբաղյան բանակցային գործընթացի ձևաչափը:

Այս ամենը վկայում է, որ Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարությունը հստակորեն պաշտպանել է մեր երկրի ազգային շահերը:

Կողմերի փոխբացասող դիրքորոշումների միջև կամուրջ գցելու ԱՄՆ- ի հնարավորությունները գնալով նվազեցին, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումները Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ, որոնցից առաջինը տեղի ունեցավ ապրիլի 12- ին, Երևանի ժամանակով 22:30- ին, ինչպես նաև այն բոլոր տեղեկությունները, որոնք հրապարակվեցին դրանից հետո, չարձանագրեցին Հայաստանի ազգային շահերից որևէ նահանջ, որևէ հետ քայլ:

Իսկ ի՞նչ է կատարվում այսօր… Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները, Փաշինյանի և նրա իշխանության թողտվությամբ, ոչ միայն նախապայմաններով են խոսում Հայաստանի և հայության հետ, այլև շանտաժով, սպառնալիքներով բացահայտորեն իրենց կամքն են թելադրում, ընդ որում, ոչ միայն թելադրում, այլև, ցավոք, Փաշինյանի և նրա իշխանության շնորհիվ, հասնում իրենց պահանջների կատարման:

Ու դեռ կհասնեն նորանոր ու հայերիս համար առավել վտանգավոր պահանջների կատարման, քանի դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ու նրա ՔՊ- ական հանցախումբը չեն հեռացվել իշխանությունից;

 

Արմեն Առաքելյան