Երկու քաղաքացու մարմին դուրս բերվեց փլատակների տակից

Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավերված տների փլատակներից երկու դի դուրս բերեցին, մեկը կին է, մյուսը՝ տղամարդ։ Այս մասին լրագրողներին ասաց Փրկարար ծառայության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34-րդ փողոցում, պայթյունի հետևանքով մի քանի բնակելի տներ են փլուզվել։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։