Ես Ալիևին չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս․ ՔՊ-ական պատգամավոր

«Ես Իլհամ Ալիևին չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս. իմ կարծիքով մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ հայտարարությանը, թե՝ մինչև Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի:

«Սահմանադրության փոփոխություններ Հայաստանում պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի ժողովրդի կամքով, որովհետև ոչ ես, ոչ դուք Հայաստանի սահմանադիրները չենք: Նոր Սահմանադրության գաղափարը ընդամենը գաղափար է, և այս հարցի պատասխանը կարող է տալ միայն ՀՀ քաղաքացին»,-ասաց նա:

Վարդանյանն ընդգծեց, որ տարածքային ամբողջականությունը սահմանների անխախտելիությունը պետք է ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր շարունակում են դիտարկվել որպես կարևորագույն անկյունաքար և Հայաստանը պետք է շարժվի այդ ճանապարհով:

Անդրադառնալով Սահմանադրության առաջին հոդվածներին ու նախաբանին, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Նոր Սահմանադրությունը նշանակում է ամբողջությամբ նոր ընթացակարգ, բայց մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք անկախ նրանից, թե ինչ Սահմանադրություն կլինի, պահպանվում են: Դրանք դիտարկվում են որպես ցողունային սահմանադրական բջիջներ, առանց որոնց հնարավոր չէ ապահովել սահմանադրական ամբողջական համակարգի գոյատևումը»: