Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվի

Դատարանն այսօր՝ փետրվարի 5-ին հրապարակեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր  Արմեն Չարչյանի գործով դատավճիռը. նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի 7 ամիս 13 օր ժամկետով ազատազրկումը:

Պատիժը պայմանականորեն չի կիրառվի, Չարչյանի նկատմամբ կսահմանվի փորձաշրջան 3 տարի ժամկետով։

«Սահմանվեց փորձաշրջան, սա նշանակում է, որ Չարչյանն անազատության մեջ չի գտնվելու։ Դատավճռի մասով մենք ունենք անհամաձայնություն, մենք ի սկզբանե ասել ենք, որ Չարչյանն անմեղ է, ու տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման ակտ։ Դատական ակտը նորից բողոքարկելու ենք և փորձելու ենք արդարությունն արդարացման տեսանկյունից վերականգնել վերաքննության կարգով»,– լրագրողներին ասաց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսյանյանը։

Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանն, ըստ մեղադրանքի, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Չարչյանը սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով ակնհայտ անհիմն ու անօրինական։

Բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Արմեն Չարչյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան հերոսամարտին, մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է պետական պարգևների, շուրջ 200 գիտական աշխատությունների հեղինակ է: