Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի բանակի հարվածները Իրաքի և Սիրիայի տարածքներում

Իրանի ԱԳՆ-ն կտրականապես դեմ է արտահայտվել Իրաքի և Սիրիայի տարածքներին հասցված ամերիկյան հարվածներին։

Այդ մասին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գերատեսչությունը։

Իրանի ԱԳՆ-ը նման միջադեպերի շարունակությունն անվանել է սպառնալիք տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար։

«Սա ամերիկյան կառավարության հերթական ռազմավարական սխալն է, որն այլ արդյունք չի ունենա, քան տարածաշրջանում լարվածության և անկայունության սրումը», – ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ քննադատական հայտարարություններով հանդես էր եկել Սիրիան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարձակման։

Ըստ ԱՄՆ բանակի՝ խոցված թիրախների թվում են հրամանատարական կետեր, հետախուզական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստարաններ, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դաշնակից ուժերի համար զինամթերքի մատակարարման շղթաների շահագործումն ապահովելու համար: