ԼՂ տեղահանվածների կենսաթոշակների վճարումը այսուհետ հստակ պարբերականությամբ կիրականացվի (տեսանյութ)

ԼՂ կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարումը այսուհետ նախատեսված է իրականացնել հստակ սահմանված պարբերականությամբ՝ մինչև տվյալ ամսվա 6-րդ աշխատանքային օրը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի ներկայացման ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

«Բնակվարձերի և կոմունալ վճարների համար նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում հունվար ամսվա վճարումները նախատեսված է իրականացնել առաջիկա 2-3 աշխատանքային օրերի ընթացքում»,-ավելացրեց Զարուհի Մանուչարյանը:

Անդրադառնալով զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրին, մամուլի քարտուղարը պարզաբանեց, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ մասնագիտական ուսուցում և աշխատանք, աշխատանքային պրակտիկա և աշխատանք, իսկ վերջին բաղադրիչը ներառում է ներառում է առաջին երկուսի բոլոր տարրերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց ուսուցման և պրակտիկայի ընթացքում վճարումների մասին. «Ուսուցման ընթացքում 50 հազար դրամի չափով կրթաթոշակ է տրամադրվում, մինչև 50 հազար դրամի չափով էլ ուսման վարձն է փոխատուցվում: Պրակտիկայի դեպքում էլ 3 ամիս ժամկետով 165 հազար դրամ է վճարվում գործատուին՝ շահառուի աշխատավարձի վճարման համար»,-ասաց նա:

Ռուբեն Սարգսյանի խոսքով, զբաղվածության ապահովման ծրագրից բացի՝ նաև ուղիղ աշխատանքի տեղավորումներ են իրականացնում, ինչի արդյունքում այսօրվա վիճակագրության համաձայն, ընդհանուր առմամբ, Արցախից բռնի տեղահանվածներից ավելի քան 10 հազարը, արդեն աշխատանքով ապահովված են: