Ադրբեջանի նախագահականի կայքում անթաքույց հավակնություններ են ներկայացվում ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Ադրբեջանի նախագահականի կայքում անթաքույց հավակնություններ են ներկայացվում Հայաստանի մայրաքաղաք Երևանի նկատմամբ, այնտեղ կա հետևյալ գրառումը․ «Ցավոք, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջին որոշումներից մեկը չափազանց ծանր պատմական պայմաններում՝ հայկական զինուժի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկական զտումների և սեփական պետություն ստեղծելու նրանց տարածքային հավակնությունների համատեքստում, եղել է Երևանի հանձնումը` Հայաստանին որպես մայրաքաղաք: Պատմական այս մեծ սխալը ճանապարհ բացեց ադրբեջանական ժողովրդի կյանքում հետագա ողբերգությունների և հայության կողմից մշտական էքսպանսիայի համար։

1991 թվականի հոկտեմբերի 18-ին ձեռք բերելով պետական անկախություն՝ Ադրբեջանը իրեն հռչակեց Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը՝ ցույց տալով իր հավատարմությունը պետականության հնագույն ավանդույթներին․․․»։

Պատրաստվո՞ւմ է Ադրբեջանն այս ամենից հրաժարվել, իհարկե, ոչ, ավելին, դա նոր թափ է հավաքելու, հատկապես ՀՀ այսօրվա իշխանության վարած քաղաքականության պայմաններում: Կա՞ կանխելու ձև, իհարկե կա՝ առաջին հերթին՝ իրավունքներն ու արժանապատվությունը չզիջելն է, գիտեք, բոլոր հակամարտությունների ու պատերազմների ժամանակ կարևոր է արժանապատվություն պահպանելը, անգամ կորուստներից հետո, սեփական կռիվն ու զոհողությունը հարգելը, դա զուտ բարոյական հարց չի, դա քաղաքական ու նաև հետագա դիմադրության ապահովման հարց է… իսկ դրանից զրկվելը՝ կործանման տանող ամենակարճ ուղին է»: