Ով և ինչու են թիրախավորում Սերժ Սարգսյանին
Օրերս բազմաթիվ քաղաքական շրջանակներ, և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, լծվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին թիրախավորելու և այսօրվա գործող վարչախմբի անգործության կամ դիտավորության հետևանքով առաջացած խնդիրները Սերժ Սարգսյանին վերագրելու գործին։
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը LIVEnews.am-ի տաղավարում անդրադառնալով վերոգրյալին՝ շեշտեց, որ մարդիկ, ովքեր ժամանակին սնվել են Սորոսի հիմնադրամից, որպեսզի պայքարեն Սերժ Սարգսյանի դեմ, այսօր կրկին պայքար են սկսել ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև ողջ Հանրապետականի դեմ և խորհուրդ տվեց այդ մարդկանց գնալ և դառնալ ՔՊ-ական, քանզի նրանք ոչնչով չեն տարբերվում նիկոլականներից։
Խոսելով միասնական ընդդիմության հանգած պայքարի մասին և անդրադառնալով ներքին խժդժություններին՝ նշեց․ «Ինձ համար բոլոր այն մարդիկ, ովքեր Աերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին դեմ են՝ ընդդիմադիր չեն։ Մենք պետք է մաքրենք ընդդիմադիրների շարքը նմանատիպ երևույթներից, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են Նիկոլից ազատվել՝ պիտի հասկանան, որ միայն ՀՀԿ-ով է դա հնարավոր իրականություն դարձնել։ Մինչ այժմ ՀՀԿ-ն աջակցել է բոլոր այն ուժերին, որոնք Նիկոլի դեմ են պայքարել և չի առաջնորդել որևէ շարժում իր դեմքով, բայց միշտ մասնակցել և աջակցել է ընդդիմադիր պայքարին։ Եթե մարդ չհասկանա, որ այսօր ՀՀԿ-ն է միակ ուժը, որը կարող է Նիկոլին հեռացնել այդ պաշտոնից՝ ինձ համար այդ մարդիկ ընդդիմադիր չեն։ Արմեն Աշոտյանը վառ ապացույցն է այն ամենի, ինչ ասում եմ, ՀՀԿ-ն ամենաշատն է տուժում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, քանի որ ՀՀԿ-ն ոչ մի գործարքի չի գնում Նիկոլի հետ, Աշոտյանը մինչև հիմա բանտարկված է շինծու քրեական գործով և ՀՀԿ-ն չի կարող բերել մի մարդու իշխանության, որ հետո այդ մարդն իրեն բանտարկի»,-նշեց ՀՀԿ ԵԿ փոխնախագահը։
Կա կարծիք, որ ՀՀ երրորդ նախագահի դեմ այսպիսի արշավ է սկսվել, քանի որ գործող ռեժիմը ցանկանում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ամեն կերպ փորձում են «սևացնել» իրենց մրցակիցներին, իսկ Սերժ Սարգսյանի ռեյտինգը գնալով բարձրանում է, այդ պատճառով էլ գլխավոր թիրախում հենց նա է։
Այստեղ տեղին է հիշեցնել, որ Սերժ Սսրգսյանը դեռևս 2021 թվականին նշել է, որ «Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չէ մտածել։ Մեր երկրի շահը սրանից է բխում։ Ես ուրախ կլինեի, որ մեր ստացած տոկոսը երկու անգամ էլ քիչ լիներ, բայց ուրիշ ընդդիմադիրներ ավելին տանեին ու չունենայինք այս իշխանությունը»:
Ընդդիմադիրները մեկ նպատակ էին որդեգրել՝ հեռացնել գործող վարչախմբին, և կարևոր է, որ հավատարիմ մնան իրենց որդեգրած ուղուն։
Լուսինե Այրապետյան