Ադրբեջանի ԿԸՀ ղեկավարը հայտարարել է, թե «հայերը կարող են մասնակցել նախագահի ընտրություններին»

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը հայտարարել է, թե փետրվարի 7-ին երկրում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին կարող են մասնակցել հայ ընտրողները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Հայ ընտրողները, ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիները, կարող են մասնակցել արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությանը», – հայտարարել է նա՝ բնականաբար չմանրամասնելով, թե քանի «հայ ընտրող» կա Արցախում՝ օկուպացիայից հետո։

Հիշեցնենք, որ Արցախի օկուպացիայից հետո Բաքվի քարոզչամեքենան ցույց էր տալիս այնտեղ մնացած մի քանի հայերի, որոնք, իբր, դիմում են գրել ու ստացել Ադրբեջանի քաղաքացիություն։ Արցախյան կողմի տվյալներով, Ստեփանակերտում այս պահին գտնվում են մի քանի հայ։