ԶԼՄ-ների ազատության ապահովումը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների հանձնառությունն է․ Արուսյակ Ջուլհակյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նստաշրջանում: Նա  ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Դառնալով Եվրոպայի խորհրդի մաս՝ անդամ երկրները պարտավորվել են հետևել մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին: Այս սկզբունքների հիմնարար ասպեկտներից մեկը խոսքի ազատության պաշտպանությունն ու խթանումն է՝ որպես ժողովրդավարության հիմնաքար: Դա ոչ միայն արտոնություն է, այլ իրավունք, որը ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, որն արտացոլում է ազատ և բաց հասարակության հանդեպ մեր համատեղ հանձնառությունը:

Մեր դարաշրջանում տեղեկատվությունը հզոր ուժ է, ուստի պետք է գիտակցենք լրագրողների կարևոր դերը մեր հասարակությունների հիմքերը պահպանելու գործում: Նրանց աշխատանքը, ի թիվս այլնի, պետք է նաև զսպող օղակ լինի իշխանության համար, հարթակ դառնա արտահայտվելու հնարավորություն չունեցողների համար:

Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները, ընդունեն և կիրառեն օրենքներ, որոնք պաշտպանում են լրագրողներին, հետաքննում և պատասխանատվության են ենթարկում նրանց, ովքեր սպառնում կամ վնասում են նրանց, ու ստեղծեն մթնոլորտ, որը խրախուսում է աշխույժ և բազմազան մեդիադաշտը: Ազատ մամուլն էական նշանակություն ունի ծաղկող ժողովրդավարության համար և դրա պաշտպանությունը մեզանից յուրաքանչյուրի պարտավորությունն է:

Այս տեսանկյունից ձեռնարկվելիք վճռորոշ քայլերից մեկը բոլոր անդամ երկրների կողմից վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումն է: 21-րդ դարում զրպարտությունը որպես քրեական հանցագործություն որակելը տարօրինակ է: Այս համատեքստում կարևոր են ոչ միայն լավ օրենքներն ու կանոնակարգերը, այլև դատական պրակտիկան: Թույլ տվեք ներկայացնել Հայաստանի օրինակը: Երբ 2010 թվականին վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացվեցին, քաղաքական և գործարար վերնախավը լրագրողներին ֆինանսապես ճնշելու ևս մեկ գործիք ստացավ, քանի որ դատարանները սկզբնական շրջանում բարձր տուգանքներ էին սահմանում՝ որպես վիրավորանքի և զրպարտության փոխհատուցում, դրանով իսկ ստիպելով, որպեսզի դրանք փակվեն: Բարեբախտաբար, կարճ ժամանակում Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների վճիռներ կայացվեցին, որոնք էապես նպաստեցին դաշտի կարգավորմանը, բացատրեցին, թե ինչպես պետք է դատավորների կողմից մեկնաբանվեն վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումների վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթները:

Հարգելի՛ գործընկերներ, ի վերջո, ԶԼՄ-ների ազատության ապահովումը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների հանձնառությունն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայության հիմնաքարը: Եկեք միասին լինենք՝ վճռականորեն պաշտպանելու նրանց, ովքեր պատասխանատու են իշխանության հաշվետու լինելու համար և նպաստում են մեր ժողովրդավարական հասարակությունների ծաղկմանը:

Շնորհակալ եմ»: