Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 42

Սկիզբը` այստեղ 

Հայաստանից հեռու, բայց և Հայաստանին մոտ ծանր պատերազմ է ընթանում: Մեզանից քանի՞սն են գիտակցում Արևմուտքի կողմից Ուկրաինայի միջոցով (երբեմն էլ անմիջականորեն…) Ռուսաստանի դեմ վարվող այդ պատերազմի ծանրությունը, բախտորոշ լինելը Ռուսաստանի համար, ավելին՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի և ողջ աշխարհի համար…

Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները երեկ դարձյալ կանգ են առել համաշխարհային աղետ և մարդկության ժամանակի ավարտ կամ վերջ խորհրդանշող կեսգիշերից 90 վայրկյան առաջ (23:58:30), այսինքն՝ մարդկության կործանմանը խորհրդանշորեն մնացել է ընդամենը 1,5 րոպե: Նույն նշագծի վրա սլաքները գտնվում էին 2023 թվականին, ինչը նախագծի գոյության 77- ամյա պատմության մեջ կեսգիշերին ամենամոտ արժեքն է։

Ինչպես 2023 թվականին, ըստ Դատաստանի օրվա ժամացույցի, այժմ ևս 90 վայրկյան է մնացել մինչև «միջուկային կեսգիշեր»: Այս մասին, РБК- ի տեղեկացմամբ , հայտարարել է «Ատոմագետ գիտնականների տեղեկագիր» ամսագրի նախագահ Ռեյչել Բրոնսոնը, որը նման գնահատականներ է տալիս 1947 թվականից (2015 թվականից նա դա անում է ամեն տարի): Հեռարձակումն ընթանում է ամսագրի կայքում։

Բրոնսոնի խոսքով՝ Ուկրաինայում մարտական գործողությունները նախկինի պես միջուկային էսկալացիայի վտանգ են ստեղծում, իսկ հակամարտությունը, որը սկսվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում, «արտացոլում է ժամանակակից պատերազմի սարսափները՝ նույնիսկ առանց միջուկային էսկալացիայի»:

«Միջուկային զենք ունեցող երկրներն ակտիվորեն իրականացնում են արդիականացման ծրագրեր, ինչը սպառնում է միջուկային սպառազինությունների նոր մրցավազքով»,- ասել է Բրոնսոնը:

Նա ուշադրություն է հրավիրել նաև բնական աղետների՝ հրդեհների և ջրհեղեղների վրա, որոնց թիվն աճում է, և ընդգծել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարում ներկայիս գործողությունները բավարար չեն:

«Անցյալ տարի արտահայտել ենք մեր ուժեղ անհանգստությունը՝ ժամացույցի սլաքները տեղափոխելով 90 վայրկյան մինչև կեսգիշեր. սա պատմության մեջ գլոբալ աղետին ամենամոտ նշանակությունն է»,- նշել է նա:

Անցյալ տարվա սպառնալիքները շարունակում են ազդել կյանքի վրա նաև 2024- ին, ուստի գիտնականները ժամացույցի սլաքները թողել են նույն կետում՝ 90 վայրկյան խորհրդանշական կեսգիշերից առաջ…

Հետևելով աշխարհում ընթացող քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմական գործընթացներին, ռազմական ու քաղաքական բարձրաստիճան գործիչների հայտարարություններին, ռազմական ու ռազմատեխնիկական իրադարձություններին, կարող ենք հավաստել, որ Բրոնսոնի և հիշյալ ամսագիրը հրատարակող ատոմագետ գիտնականների անհանգստությունը միանգամայն տեղին է ու չափազանցված չէ:

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի գործող ղեկավար Ռոբ Բաուերն օրերս կոչ է արել առաջիկա 20 տարում պատրաստվել ՌԴ- ի հետ պատերազմին: Նա, «Коммерсантъ»- ի տեղեկացմամբ  հայտարարել է, որ դաշինքի ուժերը պատրաստվում են առաջիկա երկու տասնամյակում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի: Նա կոչ է արել ՆԱՏՕ- ի անդամ երկրների իշխանություններին և նրանց քաղաքացիական բնակչությանը պատրաստվել հակամարտությանը և զինվորական ծառայությանը հնարավոր զորակոչին:

«Մենք պետք է հասկանանք, որ մեր գոյությունն ինքնին տրված չէ,- ասել է Բաուերը:- Եվ հենց դրա համար էլ պետք է պատրաստվենք Ռուսաստանի հետ հակամարտությանը։ Մենք պետք է պատրաստ լինենք ամբողջ սպեկտրում» (մեջբերումը՝ «The Telegraph»- ի)։

Ռազմական կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ ՆԱՏՕ- ի անդամ բոլոր երկրները պետք է պատրաստեն արդյունաբերական ճյուղ, որը ռազմական հակամարտության դեպքում կկարողանա արագ զենք ու զինամթերք արտադրել: Միևնույն ժամանակ Բաուերը միաժամանակ կեղծավորաբար ընդգծել է, թե «ՆԱՏՕ- ն չի ձգտում հակամարտության», և այս պլաններն անհրաժեշտ են այն դեպքում, եթե «նրանք (Ռուսաստանը.- «Կոմերսանտ») հարձակվեն մեզ (ՆԱՏՕ- ի.- «Կոմերսանտ») վրա»:

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի բարձր պաշտոնը զբաղեցնողը դժվար թե չիմանա, որ ՆԱՏՕ- ի վրա Ռուսաստանի հարձակվելու հնարավորության վերաբերյալ իր ասածը ցնդաբանություն է, և որ ՌԴ- ն երբևէ չի ունեցել և չունի ՆԱՏՕ- ի կամ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ որևէ պետության վրա հարձակվելու մտադրություն կամ պլաններ:

Հետևաբար, շատ հնարավոր է, ՆԱՏՕ- ում մտադիր են հենց իրենք սադրել իրենց դեմ ՌԴ ռազմական գործողություններ, ընդ որում, շատ ավելի շուտ, քան կլրանա 20 տարին: Դրա համար բավական է ընդամենը, որ ամերիկյան 4- րդ սերնդի F- 16 բազմանպատակային կործանիչ- ռմբակոծիչները, որոնցից Արևմուտքը շատ շուտով տասնյակներով, իսկ ապագայում գուցե հարյուրներով է տալու Ուկրաինային, Հատուկ ռազմական գործողության գոտում և ՌԴ տարածքում իրենց ռազմական ու քաղաքացիական թիրախներին հարվածելու համար, թեկուզ ուկրաինացի օդաչուներով (երբեմն էլ իբր ուկրաինացի օդաչուներով…), օդ բարձրանան ՆԱՏՕ- ի անդամ որևէ պետության կամ պետությունների ավիաբազաներից և (կամ) վայրէջք կատարեն այնտեղ, լցավորվեն, լրացնեն իրենց հրթիռների, ռումբերի սպառված պաշարները: Պարզ է, որ Ռուսաստանն այդ դեպքում պատերազմի իրավունքով կարող է հարվածներ հասցնել հենց այդ ռազմական օդանավակայաններին՝ անկախ նրանից, որ դրանք ՆԱՏՕ- ի անդամ երկրի կամ երկրների են:

Այս շաբաթավերջին ՆԱՏՕ-ն Ռուսաստանի, ինչպես ասում են, քթի տակ սկսելու է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում խոշորագույն «Steadfast Defender 2024» զորավարժությունները: Զորավարժություններն անցկացվելու են բալթյան երկրների, Լեհաստանի և Գերմանիայի տարածքներում: Ընդհանուր առմամբ, դրանց մասնակցելու է մոտ 90 000 զինծառայող։ Ռոբ Բաուերի խոսքով՝ «Steadfast Defender 2024» զորավարժություններն ուղղված են ՆԱՏՕ-ի արևելյան թևում Ռուսաստանի հնարավոր ներխուժման մշակմանը:

Հունվարի 18-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսելով ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման հարցում փոխգործակցության մասին, բացատրել է, որ Ռուսաստանը հրաժարվել է շարունակել երկխոսությունը, քանի որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում անընդունելի է համարել ԱՄՆ-ի առաջարկները:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան