Հայաստանի դպրոցներում սովորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 հազար աշակերտ

Լեռնային Ղարաբաղից տեղահանված մոտ 17 հազար աշակերտներ ուսումը շարունակում են Հայաստանի հանրակրթական հաստատություններում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 24-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Ստալ Սարդարյանը։

Նա նշել է, որ կատարվում է աշխատանք, որպեսզի հասկացվի, թե կա՞ արդյոք դպրոցական տարիքի անձանց խումբ, որը դեռևս ներգրավված չէ հանրակրթական գործընթացում։ Նրա խոսքով՝ սովորողներին տրամադրվել են դասագրքեր պետբյուջեի հաշվին։

Սարդարյանը նաև հիշեցրել է դպրոցներում արցախցի ուսուցիչների աշխատանքի տեղավորման ծրագրի մասին, որի համաձայն՝ նրանց տրամադրվում է 30 տոկոս աշխատավարձի հավելում՝ մարզերում աշխատանքի անցնելու դեպքում։

Նրա խոսքով, մի շարք բնակավայրերում, բացի այդ 30 տոկոս հավելումից, ավելանում է նաև ամսական 50 հազար դրամ։ «Ներկա պահին մարզերի դպրոցներում աշխատում է 250 ուսուցիչ Լեռնային Ղարաբաղից։ Դա մասամբ կօգնի լուծել մարզերում ուսուցիչների անբավարարության խնդիրը»,- ավելացրել է պաշտոնյան։