Կառավարությունը կքննարկի ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

Կառավարությունը կքննարկի ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 25-ի նիստի օրակարգում։

Նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով: Այն մշակվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից։

«Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը»,-նշված է նախագծում։

Նշվում է նաև, որ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերին։ Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԵՄ-ի կողմից՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպան Մարագոսը հայտարարել էր, որ կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը հիմնականում իրավական հարցեր է կարգավորում։