Հայաստանը ռազմական կցորդներ կունենա Չեխիայում և Ղրղզստանում

Հայաստանի Հանրապետությունը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա։ Համապատասխան որոշման նախագծերը ներառված են կառավարության հունվարի 25-ի նիստի օրակարգում

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, Չեխիայում ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը և չեխական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ։

Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է  Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:

«Նախատեվում է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն, մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ու ներմուծման, այդ թվում՝ մատակարարման և ձեռքբերման, ինչպես նաև մշակման ու արտադրության հետ»,- նշված է հիմնավորման մեջ։

Նշվում է նաև, որ Հայաստանը՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետություն, արժևորում է նաև Չեխիայի գործուն դերակատարությունը որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման,  պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համատեքստում:

Ինչ վերաբերում է Ղրղզստանին, ապա, ըստ ՊՆ-ի, ռազմական կցորդի առկայությունը Ղրղրզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացմանը, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հայ-ղրղրզական հարաբերությունների բարձր մակարդակ:

Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից: