Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Մոսկվայում է

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիյանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով այցելել է Մոսկվա: Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ահմադիյանի և Պատրուշեւի բանակցությունների օրակարգում կլինեն երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը, տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները, ինչպես նաև պաղեստինյան հարցը:

Իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից բացի՝ Ահմադիյանը Մոսկվա կատարած իր առաջին պաշտոնական այցի ընթացքում քննարկումներ կունենա նաև մի շարք այլ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ:

Հիշեցնենք՝  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին՝ Նյու Յորքում ՄԱԿի շրջանակներում, հանդիպում է ունեցել  Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ: Կողմերը հանդես են եկել Գազայի հատվածում շուտափույթ հրադադարի օգտին և մտահոգություն հայտնել Կարմիր ծովի ջրատարածքում լարված իրադրության կապակցությամբ: