Ով է Նիկոլի և Աննայի հետ ջերմ հանդիպումներ ունեցած գործարար Վարդան Սրմաքեշը. 3

Սկիզբը` այստեղ

Երբ իրավապահ համակարգն օրենքի նախանձախնդիր պահապանը և կիրառողը լինելու փոխարեն, օրենքի մայրիկն է լացացնում, իսկ դատական համակարգը տեղապտույտներ է տալիս, դատարանն իր իսկ կողմից վճռի հրապարակման համար նշանակված օրը վճիռը հրապարակելու փոխարեն, որոշում է գործի դատաքննությունը սկսել սկզբից և 7 ամիս հետո նիստ է նշանակում, չես կարող չհիշել թիվ ԵԿԴ /0448/02/14 քաղաքացիական գործով պատասխանող, շվեյցարացի գործարար Վարդան Սրմաքեշի ջերմ ձեռքսեղմումը Նիկոլի հետ: Եվ ոչ միայն…

Չես կարող չհիշել նաև՝ Սրմաքեշին պատկանող «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ- ի կողմից դատական վեճի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը փոխանցված 6 400 000 դրամի, Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի, «Ժպիտների քաղաք» հիմնադրամին փոխանցված մեկ միլիոն դրամի, ըստ օդում կախված լուրերի, Աննա Հակոբյանին Շվեյցարիայում Սրմաքեշի նվիրած վիլլայի մասին (ի դեպ, սա ընդամենը դեռ հայտնին է…):

«2020 թվականին կապիտուլացվելուց մեկ ամիս անց՝ նույն տարվա դեկտեմբերին, կառավարությունը որոշել է Գյումրի քաղաքի մատույցներում գտնվող նախկին զորամասի տարածքը՝ մոտ 21 հեկտար, տրամադրել «Ռենեսանս» թաղամասի կառուցմանը,- 2021թ. փետրվարի 6- ին «ՄԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ «ՉՆԵՐԴՐՈՂԻ»  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» վերտառության ներքո գրել է «Հրապարակ» օրաթերթը :- Սա ներդրումային ծրագիր է, ներդրողներից մեկն էլ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է: Այս որոշումից ամիսներ առաջ, 2020 թվականի գարնանը, նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ, կառավարությունը բանավոր համաձայնել էր նույն տարածքը տրամադրել «Գյուրջիեւի այգի» ծրագրի իրականացմանը:

Ծրագիրը մշակել են Արմեն Սարգսյանի «Երեւան, իմ սեր» հիմնադրամի հիմնած «Գյումրի, իմ սեր», «Հայաստան» համահայկական հիմնադրամները՝ օտարերկրյա փորձագետների ներգրավմամբ: Գեորգի Իվանի Գյուրջիեւը ծնվել է Գյումրիում, բայց այսօր Գյումրիում նրա մասին հիշեցնող ոչինչ չկա: Նրա անունով այգին, ուր պետք է նաեւ թանգարան լիներ, կդառնար զբոսաշրջության լուրջ խթան: Բայց «Գյուրջիեւի այգի» ծրագիրը տեսնել-հավանելուց հետո կառավարությունը որոշեց Վարդան Սրմաքեշին հաճոյանալ: Թվում է՝ չպետք է անեին, քանզի նախկիններն էին ժամանակին հաճոյանում Վարդան Սրմաքեշին:

Դեռեւս 2017 թվականին Վարդան Սրմաքեշը խոստացել է Գյումրիում մանվածքային ֆաբրիկա կառուցել, լոկոմոտիվային դեպոն վերակառուցել, ժամացույցի արտադրություն (այդ թվում՝ արտադրանքի ցուցասրահ) կազմակերպել, Երեւանում՝ «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնի ետնամասում, 8 հեկտար տարածքով բնակելի թաղամաս կառուցել: Կառավարությունը որոշումներ է կայացրել եւ տարածքներ հատկացրել գործարարին, սակայն մինչ օրս ոչ մի գործ արված չէ: Այդ դեպքում ինչո՞ւ տարածք տալ ասող-չանող գործարարին՝ «չներդրողին»:

Մերժած նախկինների ներկայացուցիչներ կային, որ ժամանակին որեւէ քաղաքում իրենցով էին անում որեւէ չօգտագործվող շինություն, հողամաս՝ հույսով, որ հարյուրապատիկ թանկ կվաճառեն որեւէ գործարարի: Մերժողները հերթական անգամ, հերթական հարցում կրկնում են մերժվածներին՝ իրենցով են անում շինություն ու հողամաս: Այս պարագայում՝ ծագումով հայ գործարար «չներդրողը»  կարող է նաեւ մեզ ոչ բարեկամ երկրի շահերը սպասարկել եւ հողամաս գնելով՝ խափանել նույն տարածքի համար նախատեսված եւ եկամուտներ ապահովող ռեալ ծրագիրը: Նման դեպքերի համար պետական օղակներ կան, օրինակ՝ էկոնոմիկայի նախարություն, որը պետք է զբաղվի ներդրողների խոսքի եւ գործի համադրման վերլուծությամբ: Չի անում, եւ ոչ մի պետական կառույց չի անում: Ու միայն Վարդան Սրմաքեշ անունով մի «չներդրող» Երեւանում եւ Գյումրիում մոտ 30 հեկտար տարածք է իրենով արել՝ խափանելով Հայաստանին եկամուտներ ապահովող գործարար նախաձեռնություններ»:

«Օրերս ռուսական մեդիաշուկայի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Արամ Գաբրելյանովը, իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ անդրադարձել էր Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում տիրող իրավիճակին,- 2020թ. ապրիլի 9- ին «Սրմաքեշի նման անհայրենիք մարդուն սրբացնում են. Ռուբեն Հայրապետյանի և Վարդան Սրմաքեշի միջև փոխհրաձգությունը շարունակվում է» վերտառության ներքո գրել է Lurer.com– ը:- Նա, մասնավորապես, գրել էր, թե ակումբի սեփականատեր, շվեյցարացի գործարար Վարդան Սրմաքեշը կուլիսներում ակտիվորեն պատմել է, որ ակումբը սպանում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Գաբրելյանովն ընդգծել էր՝ թեև երկար ժամանակ է նա չկա, սակայն ակումբը շարունակում է մահանալ: Նա ուշագրավ էր համարել այն հանգամանքը, որ Սրմաքեշը «Արարատ»- ին վերաբերող առաջարկները չեղարկել է, քանի որ մտավախություն է ունեցել կբացահայտվի, որ հենց Սրմաքեշի կողմից է վաճառվել «Արարատ»- ին դեռ սովետական տարիներից պատկանող հողատարածքը (մոտ 40 հա տարածություն) Երևանի ամենաէլիտար թաղամասում, և այն այլևս ակումբի հաշվեկշռում չի գտնվում:

Այս առիթով ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց զրուցել «Արարատ» ակումբի սեփականատեր, շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» (Franc Muller) ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ, սակայն նա ասաց, որ զառանցանքներին տեղի չի տալիս և հիմա իր միակ գործառույթը հայրենակիցներին օգնելն է:

ԼՈՒՐԵՐ.com– ը զրուցեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Վերջինս նշեց, որ ինքը բազմիցս է հայտարարել, որ «Արարատ»- ի բազան դարձրել են արտադրամաս և այլ միջոցներ օգտագործելով՝ վաճառել. «Բոլոր լրատվամիջոցներով ինձ գող ու ավազակ սարքեցին, իսկ Սրմաքեշի նման անհայրենիք մարդուն սրբացրեցին: Ես 2 տարի է չեմ նախագահում ՀՖՖ-ն, չեն մոռանո՞ւմ ինձ, երևի ես եմ «Արարատ»- ի հողերը, բազան, 90 հեկտար հողը ծախել, հա՞ (Ռ.Հ.՝ եթե չեմ սխալվում 90 հեկտար տարածք էր, որովհետև կողքը ֆերմաներ կար): «Արարատ»- ի բազայում մի հատ նորմալ գործող խաղադաշտ կա, որը ես եմ կառուցել: «Արարատ»- ին մահվան տարել ու շարունակում է տանել Սրմաքեշ Վարդանը: Սրանից 7-8 տարի առաջ ինքն ինձ խնդրեց, հանդիպեցինք, բարիշեցինք՝ Բակո Սահակյանի ներկայությամբ, ամեն ինչով աջակցել եմ իրեն, ինքը զանգում շնորհակալություններ էր հայտնում, հիմա արդեն դարձավ, որ ե՞ս եմ քանդել «Արարատ»- ը: Սրմաքեշ Վարդանին թվում է՝ ինքը փող ունի, հարուստ է, ամեն վատ բան կարող է անել ու ծածկել հայրենասիրության քողի տակ: Սրմաքեշն ինչքան մնա ֆուտբոլում, ֆուտբոլն այդքան քարուքանդ է լինելու այսօրվա թույլիկների ղեկավարության ժամանակ»,- ասաց Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է Գաբրելյանովին, ապա ՀՖՖ նախկին նախագահն ասաց, որ նրա հետ անձամբ շփում չի ունեցել, սակայն ծանոթ է նրա գործունեությանը որպես ֆուտբոլային ֆանատ, ֆուտբոլից որևէ ակնկալիք չունեցող մարդ, և թե ինչ է նա մտածում ֆուտբոլի մասին: Իսկ Վարդան Սրմաքեշի հետ անձամբ է շփվել, գիտի նրա վնասակարությունը ֆուտբոլին:

Հայրապետյանը պատմեց նաև, թե ինչից է սկսվել իր և Վարդան Սրմաքեշի առճակատումը. «Սրմաքեշն ասում էր՝ թող բոլոր բիզնեսմենները թիմեր չպահեն, պահեն մեկ թիմ՝ ֆինանսավորեն «Արարատ»- ին, որովհետև այն բրենդ է: Եթե ես համաձայնեի դրան, կնշանակեր վերջ տալ հայկական ֆուտբոլին. եթե առաջնությունում չլիներ մրցակցություն, ապա ֆուտբոլը չէր կարող զարգանալ: Այս ամենից հետո թեև սկսեց իմ դեմ բանսարկություններ սարքել, բայց այդքանից հետո էլ հաշտվեցինք: Հենց հեղափոխություն եղավ, ինքը նորից դարձավ էլի էն նույն մարդը և իր բոլոր մեղքերը սկսեց բարդել ինձ վրա»,- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը:

Հատկանշական է, որ հատկապես վերջին շրջանում Վարդան Սրմաքեշն իր ֆեյսբուքյան էջում ակտիվ հրապարակումներ է անում իշխանությունների հետ համագործակցությունների վերաբերյալ: Մարտի 16-ին Սրմաքեշը լուսանկար էր հրապարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կից գրելով. «Հայաստանում կարտադրվեն ոսկու ձուլակտորներ»:

Իսկ ահա ընդամենը ժամեր առաջ լուսանկարներ հրապարկեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի»,- գրել է Սրմաքեշը»։

Ինչպես «Հրապարակ»  օրաթերթին հղում  կատարելով, նշել ենք սույն հրապարակման առաջին մասում, Սրմաքեշը «Նույնիսկ հուշագիր է ստորագրել Արսեն Թորոսյանի հետ՝ նոր ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ։ Թորոսյանն անգամ իր ՖԲ էջում գրեց այդ մասին: Ոչ մի ծննդատուն էլ չկառուցվեց, բայց միլիոնատիրոջ հայրենասիրական հիպնոսն այնքան ազդեցիկ էր, որ Շիրակի մարզի որոշ բնակիչներ հավատում են, թե նոր ծննդատունը կառուցվել է եւ նույնիսկ գործում է»:

Սա դեռ ամենը չէ… Սրմաքեշի հետ կապված պատմությունները շատ են, ԶԼՄ- ների հրապարակումները չեն սահմանափակվում սոսկ արդեն իսկ ներկայացվածով, մնացածներին գուցե կանդրադառնանք մեկ այլ առիթով:

 

Արթուր Հովհաննիսյան