ՌԴ զորքերը հրթիռային հարված են հասցրել Կիևին և Խարկովին

Հունվարի 23-ի առավոտյան ռուսական զորքերը հրթիռներ են արձակել Կիևի վրա։ Ուկրաինայի մայրաքաղաքի Սվյատոշի շրջանում, տեղեկացրել է քաղաքի վարչությունը, այրվել են մի քանի ավտոմեքենաներ, նախնական տվյալներով՝ վնասվել է բազմահարկ մի շենք։

Վնասվել են նաև շենքեր Պեչորայի և Սոլոմենսկի շրջաններում։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝վիրավորվել է ինը մարդ։ Տուժածների մեծ մասը քաղաքի Սոլոմենսկի շրջանից է, ութ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, մի հոգի՝ 13 տարեկան մի դեռահաս, տեղում ստացել է բժշկական օգնություն։

Հունվարի 23-ի առավոտյան հարվածի է ենթարկվել նաև Խարկովը։ Փլուզվել է բնակելի տներից մեկի մուտքը, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Փլատակների տակ, որտեղ աշխատում են փրկարարները, կարող են մարդիկ գտնվել։ Քաղաքի Կիևի շրջանի մի մասը գնդակոծության հետևանքով հոսանքազրկվել և ջրազրկվել է։ Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը տեղեկացրել է զոհված երկու կանանց մասին։

Զոհերի և տուժածների մասին տեղեկացրել են նաև Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունները։ Շրջանի ղեկավար Սերգեյ Լիսակը գրել է, որ Պավլոգրադում գնդակոծության պատճառով մի մարդ մահացել և մեկ հոգի վիրավորվել է։

Հունվարի 23-ի առավոտյան Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերի հրամանատարությունը տեղեկացրել է ռուսական ռմբակոծիչներից թևավոր հրթիռների արձակման մասին, այդ թվում Կիևի ուղղությամբ։