Բուք, ձյուն, փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում), Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Լոռու, Շիրակի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Ճամբարակ, Սևան, Գավառ, Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներում, Գորայքի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։