Ժողովուրդ ջան, մենք որոշեցինք, որ ավելի լավ է Եղվարդի խճուղին անենք․ Փաշինյան

Մենք ներդրումային կոմիտեի նիստում հավանություն տվեցինք Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն միացնելու նախագծին: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը կասի, թե որ տարբերակով դա անենք, որովհետև կամրջի տարբերակ կա, կամրջի մի քանի տարբերակ կա, ոչ կամրջային տարբերակ կա:

Մենք ոչ պարտադիր հոսքեր մտցնում ենք Երևան, հետո մտածում ենք, թե այդ հոսքերը ոնց կառավարենք: Մինչդեռ, ենթադրենք, Դիլիջանից Արտաշատ գնացող բեռնատարը, և ոչ միայն բեռնատարը մտցնում ենք Երևան, որովհետև ուրիշ տարբերակ չկա, հետո ասում ենք՝ բա հիմա ոնց էս բեռնատարը բարեհաջող Երևանից հանենք, որ խցանումներ չլինեն: Այս ընթացքում մենք մտածել ենք և նույնիսկ հայտարարել ենք Երևանի տարբեր հատվածներում տարբեր տրանսպորտային հանգույցներ ձևավորելու մասին: Բայց երբ ավելի խորը վերլուծում ենք, տեսնում ենք, որ այդ տրանսպորտային հանգույցները խնդիրը չեն լուծում, մանավանդ մեծացող հոսքի պայմաններում:

Ինչի՞ մենք միլիարդներ ծախսենք, տրանսպորտային հանգույցներ ձևավորենք, որ Դիլիջանից Արտաշատ գնացող բեռնատարը այդ հանգույցով սպասարկենք: Ավելի ճիշտ է շեշտը դնել շրջանցիկ ճանապարհների վրա, որ մարդը Դիլիջանից գնում է Արտաշատ կամ Մեղրիից Բագրատաշեն և այլն, ինքը Երևան մտնելու անհրաժեշտություն չունենա: Սա ճիշտ մոտեցում է: Մենք հիմա պետք է երևանցիներին ասենք, որ այո, խոստացել ենք, որ կկառուցենք տրանսպորտային հանգույց, բայց տեխնիկատնտեսական վերլուծությունից հետո մենք հրաժարվում ենք այդ նախագծից:

Մենք նաև Աբովյանով Գառնի տանող շրջանցիկ ճանապարհ ունենք, որը սողանքների պատճառով հիմա չի աշխատում: Այդտեղ էլ պետք է լուծում գտնենք: Իսկ Երևանի ներսում անենք այնպիսի ներդրումներ, որոնք ներդրումային միջավայրի առումով փոփոխություն կբերեն:

Այո, այստեղ քաղաքական ռիսկի բան կա, բայց մենք չպետք է վախենանք: Մենք ասել ենք, որ «Հայրենիքի» մոտ պետք է հանգույց ստեղծենք, հիմա պետք է գնանք ասենք՝ ժողովուրդ ջան, մենք որոշեցինք, որ ավելի լավ է Եղվարդի խճուղին անենք, Աբովյան-Ջրվեժ-Խարբերդ հատվածը արեք»,-ասաց Փաշինյանը: