Ադրբեջանի վարքը խրախուսել՝ թույլ տալով ընդունել COP29, սխալ ուղերձ է միջազգային հանրությանը. Փոլման

«Նավթն ու գազն արդեն Ադրբեջանի արտահանման մոտ 90 տոկոսն են կազմում, և կառավարությունը բացահայտ աշխատում է գազի արդյունահանման ավելացման ուղղությամբ: Միաժամանակ, ժողովուրդը տառապում է կտտանքներից, կամայական ձերբակալություններից ու անկախ արդարադատության բացակայությունից, մինչդեռ կառավարությունը շարունակում է բանտերում պահել 100-ից ավելի քաղբանտարկյալների: Անկախ ԶԼՄ-ները լռեցված են, վեց լրագրող վերջերս կալանավորվել է: Այս ամենը հարց է առաջացնում՝ արդյո՞ք հազարավոր անկախ լրագրողներ ինքնակամ կդիմեն ռիսկի և կլուսաբանեն, հնարավոր է՝ քննադատեն, COP29-ը Ադրբեջանում»: Այս մասին «Ռոյթերս»-ում հրապարակված հոդվածում գրել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ և «Unilever» ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը՝ անդրադառնալով COP29-ը Ադրբեջանում անցկացնելու հարցին:

Փոլմանը հիշեցնում է, որ անցած տարի Ադրբեջանի զորքերը երկարատև պաշարումից հետո ավելի քան 100,000 հայերի դուրս մղեցին Լեռնային Ղարաբաղի տարածքից: «Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն այս գործողությունները նկարագրել են որպես ցեղասպանությանը հավասարազոր: Պարգևատրել այսպիսի վարքը՝ թույլ տալով ընդունել COP29-ը, սխալ ուղերձ է միջազգային հանրությանը: Այսպիսի պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչպես է Բաքուն ցանկանալու կամ կարողանալու միավորել աշխարհը կլիմայական հրատապ քայլերի շուրջ: Ինչպե՞ս կարող ես մյուսներին դրդել ունենալ ավելի մեծ հավակնություններ՝ շարունակելով քո տնտեսությունը կառուցել նավթի ու գազի վրա: Ինչպե՞ս կարող ես մեկ սեղանի շուրջ հավաքել տարբեր դերակատարների ներառականության ու փոխզիջման ոգու շուրջ՝ բռնի ձևով ճնշելով այլակարծությունը»,-հարցադրումներ է արել հեղինակը:

Նա նկատում է, թե ոմանք արդեն ասում են, որ պետք է շրջանցել այդ միջոցառումը՝ ընդունելով, որ այն կտապալվի, և դրա փոխարեն կենտրոնանալ COP30-ի վրա, որը տեղի կունենա Բրազիլիայում: Սակայն, ըստ նրա, չենք կարող ժամանակ վատնելու այդպիսի շքեղություն թույլ տալ:

Փոլմանը ներկայացնում է երեք զարգացում, որոնք կարող են բարելավել այս տարվա քննարկումների հեռանկարը.

«Նախ, քանի դեռ Ադրբեջանի ընտրությունը թվում է վճռված ու մեծ աղմուկ հանած, ՄԱԿ-ը կարող է դադարեցնել իր երկիմաստ վերաբերմունքը COP-երը հյուրընկալող երկրների նկատմամբ: Այն կարող է բացահայտ ընդունել կլիմայի ու մարդու իրավունքների հարցում Ադրբեջանում տիրող վիճակի նկատմամբ մտահոգությունը: Եվ կարող է հանձնառություն ստանձնել ու հյուրընկալող երկիր ընտրել ավելի թափանցիկ և առողջ ձևով: Սա չի նշանակում ձգտել կատարյալ ընտրության կամ սահմանել անիրատեսական բարձր նշաձող: Խոսքն այն մասին է, որ վստահություն ներշնչելու ու արդյունավետ լինելու համար COP հանդիպումներն ապագայում պետք է հյուրընկալեն այնպիսի երկրներ, որոնք անկեղծ են ածխածինների օգտագործումը նվազեցնելու իրենց ցանկության մեջ և որոնք հանձնառու են ապահովել մարդու ազատությունները, որից կախված է այդ հաջող անցումը: Պետք է սահմանվեն ընտրության ավելի խիստ չափանիշներ:

Երկրորդ, բիզնեսը կարող է գործադրել ավելի մեծ ճնշում: Երբ ես Unilever-ի գործադիր տնօրենն էի, մենք օգնում էինք զարգացնել Բիզնեսի և մարդու իրավունքների ՄԱԿ-ի ուղեցույցը, որի սկզբունքներն ամրագրում են մարդու հիմնարար ազատություններն ակտիվ պաշտպանելու ընկերությունների պատասխանատվությունը: Այսօր այս պարտավորությունը հայտնվում է գոյաբանական հարթության վրա. ձեր բիզնեսը կարող է ունենալ ածխածնի կրճատման լավագույն նպատակը, սակայն եթե դուք պատրաստ չեք պաշտպանել մարդու իրավունքներն ու ավելի լայն արժեքները, ճնշել կառավարություններին անել դա, ապա ձեր նպատակը բավարար չի լինի: Կլիմայի ուղղությամբ գործողություններն առանց մարդու իրավունքների ուղղությամբ քայլերի գործի միայն կեսն է:

Երրորդ, Ադրբեջանի առաջնորդները դեռ կարող են զարմացնել քննադատներին: Կառավարությունը կարող է սահմանել նավթից ու գազից անցում կատարելու ծրագիր: Նախագահ Իլհամ Ալիևը կարող է նախաձեռնել բարեփոխումների պլան՝ իր երկիրը մոտեցնելով մարդու իրավունքների միջազգային չափանիշներին՝ սկսելով ապօրինի ձերբակալված հայ գերիներին ազատելու միջազգային ուշագրավ կոչից: Նրանց թվում ամենահայտնին հայտնի գործարար ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն է: Նախագահ Ալիևը հարգանքի ու բարյացակամ վերաբերմունքի կարժանանա միջազգային հանրության կողմից և կօգնի Ադրբեջանին ավելի բարձր կարգավիճակ ստանալ միջազգային հարթակում՝ նպատակ, որին հուսահատորեն փորձում է հասնել»:

Ամփոփելով՝ Փոլմանն ընդգծում է, որ ոչ մի կառավարություն, նույնիսկ Բաքվի իշխանությունը, պաշտպանված չէ միջազգային միասնական հանրության ազդեցությունից կամ դիրքորոշում ընդունելու պատրաստ բիզնեսներից ու ներդրողներից: Մեր խնդիրն այժմ այս լծակն արդյունավետ օգտագործելն է, որպեսզի պաշտպանենք մարդու ազատությունը ու պահպանենք կլիմայի ուղղությամբ միջազգային ջանքերի շարունակությունը: